Ընտրություններին մեր մասնակցությունը կդառնա դավաճանին հեռացնելու ծրագիր: Այս մասին Սեւանում հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ ընտրությունները դեռ նշանակված չեն, միայն հայտարարություն է արվել դրանց անցկացման մտադրության մասին: Ընդդիմադիր գործչի խոսքով՝ կան մտավախություններ, որ ընտրություններ չեն նշանակվի:

Սաղաթելյանը չբացառեց, որ իշխանությունը դա կպատճառաբանի կորոնավիրուսի մասին թեզով:

Նա հիշեցրեց Հայրենիքի փրկության շարժման պայքարի երեք փուլերի մասին: Առաջին փուլն իր մեջ ներառում է մինչեւ հրաժարականը ժողովրդի մոբիլիզացում, երկրորդը՝ 14 օրվա ընթացքում դրանից հետո եւ մինչ խորհրդարանը ցրելը: «Երրորդ փուլը կարող է լինել հենց ընտրությունները, սակայն դավաճանի հեռացման գործընթացի տեսքով:  Ընտրություններին մեր մասնակցությունը կդառնա դավաճանին հեռացնելու ծրագիր»,-նշեց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ Հայրենիքի փրկության շարժման  դիրքորոշումը չի փոխվել: «Մարզային հանդիպումները շարունակվում են, բացի այդ, Երեւանում մեծ հանրահավաք է պատրաստվում»,-եզրափակեց նա:

Նշենք, որ մարզերում հաջորդ հանրահավաքի մասին դեռ չի հայտարարվել: