100% վստահություն չկա, որ արտահերթ ընտրությունները կկայանան: Այս մասին «Հայելի» ակումբին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:

«Այս իշխանությունները, առաջնորդվելով իրենց եսակենտրոնությամբ, պատրաստ են ցանկացած արկածախնդրության: Օգտագործելով տարբեր պատրվակներ՝ ինչպես արվեց հունվար եւ փետրվար ամիսներին, նրանք կարող են նույնիսկ հրաժարվել ընտրություններից: Մինչ օրս չկա օրենքով նախատեսված հայտարարություն (նախագահի կողմից - խմբ.), չկա պաշտոնական հայտարարություն եւ ընթացակարգը չի սկսվել: Ֆեյսբուքյան գրառումը հիմք չէ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Դա հակասահմանադրական է: Դա ավելի շուտ քաղաքական պայմանավորվածությունների արդյունք է: Սակայն Հայաստանը մի դերասանի թատրոնի վերածումն անընդունելի է: Մենք չենք կարող առաջնորդվել Նիկոլի ասածով եւ արածով: Նա ժամանակ է ձգում, ուզում է հասկանալ իրավիճակը, զգալ տրամադրությունները: Ընտրությունները նախաձեռնելով՝ նա փորձում է շեղել Արցախի եւ Հայաստանի անվտանգության հետ կապված հիմնական խնդիրներից, բոլոր ուղղություններով տիրող ճգնաժամից»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Նա հռետորական հարց ուղղեց՝ կարո՞ղ են ընտրությունները շտկել Նիկոլ Փաշինյանի ստեղծած ողբերգական իրավիճակը երկրում եւ դրա շուրջ: «Եթե Նիկոլն ակնկալում է հաղթել, դա կլինի վերջին ողբերգությունը ինչպես ժողովրդի, այնպես էլ պետականության համար: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է խորը մտածի, կշռի եւ օգնի քաղաքական ուժերին երկիրը դուրս բերել իրավիճակից: Այնուամենայնիվ, եթե Փաշինյանը հաղթի, այդ ողբերգությունից եւ հսկայական զոհողություններից հետո դա պետականության վերջը կլինի՝ անհասկանալի եւ աննկարագրելի հետեւանքներով: Քանի դեռ բանը դրան չի, յուրաքանչյուր իրեն հարգող մարդ պետք է հրաժարվի նիկոլիզմից, ստորության եւ անպատասխանատվության ցանկացած դրսեւորումից:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կեղծեցին անցյալը, ապականեցին ներկան եւ այժմ հասել են ապագային»,- հայտարարեց Արտակ Զաքարյանը: Ըստ նրա՝ լավագույն ելքը կլիներ, եթե Փաշինյանը գիտակցեր այս ամենը եւ ճանապարհ բացեր ժամանակավոր կառավարության համար, ապա հասկանալի իրավիճակում, առանց շտապելու ընտրություններ անցկացներ:

Հարցին՝ մտադի՞ր է արդյոք ՀՀԿ-ն դիմել նախագահին՝ ընտրությունների վերաբերյալ նրա կարծիքը պարզելու համար, Զաքարյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա: Չէ որ նախագահը կարդացել է Փաշինյանի հայտարարությունը, թող արձագանքի, հավելեց Զաքարյանը: Ըստ նրա՝ հիմա Փաշինյանը պարզապես հասարակության հետ բազար է տանում: Այս սակարկման նպատակը գործընթացները շեղելու եւ մեղմելու փորձ է: «Իսկ նախագահին դիմելը իմաստ չունի: Դա նման է ակնհայտի մասին տեղեկանք վերցնելուն»,- նշեց Արտակ Զաքարյանը: