Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Քոչարյանը պահանջում է հաստատել իր արդար դատաքննության իրավունքի խախտումը, պարտավորեցնել հատուցել դրա արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, իր մասին արտահայտությունները հրապարակայնորեն հերքել: Հայցի հիմքում  մարտի 1-ին Փաշինյանի հրավիրած հանրահավաքում  նրա արտահայտություններն են, որոնք Քոչարյանի պաշտպանները պահանջում են համարել զրպարտություն եւ հերքել։ Հայցվորը նաեւ 4 մլն դրամ փոխհատուցում է պահանջում վարչապետից։

Կառավարությունը հավանություն է տվել զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներման օրինագծին: Նախագիծը տարածվում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի ծառայությունից ու զորակոչից խուսափած, դրա համար կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:  Փաշինյանն ասել է, որ նախկինում երբեք այդ հոդվածով համաներում չի եղել եւ քաղաքական որոշումը պայմանավորված է Բանակում բարեփոխումներով։ Սոցհարթակում այս որոշման դեմ դժգոհության ալիք է բարձրացել, շատերը համարում են, որ այն բանակը թուլացնող է եւ նախկինում ու հիմա ծառայողների հանդեպ անարդար վճիռ է։

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ուսուցիչների որակավորման գործընթացից հետո՝  նոյեմբերից 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան: Վարչապետի քննադատները համարում են, որ նրա հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ նախընտրական քողարկված խոստում կամ պարզապես ընտրակաշառք։

Գործադիրը Իջեւան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանին նշանակել է Տավուշի մարզպետ:

Մատնանշելով, որ Ղալումյանը Փաշինյանի քավորն է, շատերը հիշել են վարչապետի՝ 2019-ի մի հայտարարությունը, որ ոչ մեկը պաշտոնի չպետք է նշանակվի ինչ-որ մեկի բաջանաղը լինելու համար։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել  Հայկ Չոբանյանի՝  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելուց հետո։

Տավուշի մարզի դատարանը հետ է վերադարձրել Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի: Պատճառը հայցադիմումում առկա թերություններ են։ Չոբանյանը պահանջել էր պատասխանատվության ենթարկել Տավուշի սահմանների վերանայման ու որոշ հողեր Ադրբեջանին հանձնելու մասին լուրեր տարածողներին, հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում՝ վճարել 1 դրամ:

Անհետ կորած եւ զոհված զինծառայողների հարազատները  կրկին հավաքվել են Պաշտպանության նախարարության դիմաց եւ արգելափակել գերատեսչության մուտքերը։ Նրանցից Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ նախորդ անգամ նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո, տրված խոստումներն առ այսօր չեն լուծվել։ Ամբողջ օրը նախարարության աշխատակիցները ելումուտի հնարավորություն չեն ունեցել։

Նախօրեին «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ «Հրազդան» բուժկենտրոն են տեղափոխվել Կոտայքի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին և մահացած վիճակում նրա 15-ամյա քույրը:  Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Գիշերը Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 600 դեղաչափ: Այս եւ AstraZeneca  պատվաստանյութը կիրառվելու են ռիսկի խմբերում: Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ նախապատվությունը տրվելու է կովիդ-կենտրոնների բուժաշխատողներին, քրոնիկ հիվանդություններով պացիենտներին եւ 65-ից բարձր մարդկանց: Ավանեսյանն ասել է, որ ռուսական պատվաստանյութը Հայաստանում ոչ թե գրանցվել է, այլ թույլ են տվել բերել։

Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 1231 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 200 հազարից: Մեկ օրում մահացել է 32 վարակված, որոնցից 4-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 4615 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.78 դրամով,  հասել է 537.36 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով ու կազմել 637.58 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.22 դրամով ու կազմել է 738.28 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու հասել 6.97 դրամի:

Տաք օդի ալիքը Հայաստանում կընդհատվի ապրիլի 10-ից՝ տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին։ Ապրիլի 9-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Եղանակը կշարունակի տաքանալ։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 10-12, վաղը ցերեկը՝ 27-29 աստիճան զրոյից բարձր։