Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է 2016 թվականին պետական հեղաշրջման փորձից հետո ընդունված կառավարության որոշման հոդվածը, որը մեծ թվով մեդիա ընկերություններ փակելու ճանապարհն էր բացել:

2016 թվականի հուլիսի 27-ին հրապարակված հրամանը նախարարներին թույլ էր տալիս մեդիա ընկերությունները փակելու հրաման տալ, որոնք ենթադրաբար կապված էին «ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող» կազմակերպությունների հետ, եւ բռնագանձել նրանց ակտիվները:

Դատարանը, պատասխանելով հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հարցին, համապատասխան հոդվածը եւ պարագրաֆները չեղարկել է 8 ձայնով ընդդեմ 7-ի, հայտնում է Anka գործակալությունը:

Հրամանով փակվել էին ենթադրաբար ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված 16 հեռուստաալիքներ, ներառյալ IMC TV-ն, 2 ռադիոալիք, 45 թերթ եւ 15 ամսագիր, ինչպես նաեւ 29 հրատարակչատուն:

«Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ փակումը պետք է չեղարկի նաեւ Վարչական դատարանը, եւ պետք է վերացվեն փակելու մասին որոշման իրավաբանական հետեւանքները»,- ասել է իրավապաշտպան Քերեմ Ալթըփարմաքը: