Ինձ համար միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ամեն կեղծիքի դիմել վերընտրվելու համար, բայց նաեւ միանշանակ է, որ չի հաջողելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

«Նիկոլի այն հակառեյտինգը, որն ավելի քան 50 տոկոս է, աշխատելու է ընտրությունների ժամանակ»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության հնարավոր համախմբմանը, Բագրատ Եսայանն ասաց. «Արհեստական միասնականությունը նույնքան վնասակար է, որքան քաղաքական դաշտի մասնատումը: Ես վստահեցնում եմ, որ քաղաքական ուժերը համախմբվելու են որոշակի նպատակի շուրջ, սակայն վստահ եմ, որ հանդես չեն գալու մեկ դրոշի տակ, որովհետեւ իրար հկառակ գաղափարախոսություն ունեցող ուժերին եթե բերես միավորես մի դրոշի տակ, մեկի ընտրողը մյուսին չի ընտրի»:

Նրա խոսքով, այն ուժերը, որոնք նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, նրանք ինչ-որ ֆորմատով կհամագործակցեն. «Կամ հուշագիր են ստորագրելու, կամ հայտարարություն են ստորագրելու, որով բացառելու ենընտրություններից հետո օրենսդիր կամ գործադիր մարմնում որեւէ համագործակցություն Նիկոլ Փաշինյանի, նրա գլխավորած քաղաքական ուժի, կամ նրան սատելիտ քաղաքական ուժերի հետ»: