Հայաստանում անկախ սոցիոլոգիական հարցումների ինստիտուտ չկա, մենք չենք կարող իմանալ՝ ում վարկանիշն է բարձրանում, ումը՝ իջնում։ Այս մասին NEWSa.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

«Վարկանիշի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, որովհտեւ ոչ մեկինը հայտնի չէ։ Մի՛ հավատացեք Հայաստանում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, դրանք բոլորը ունեն մանիպուլատիվ բնույթ։ Այսինքն Հայաստանում անկախ սոցիոլոգիական հարցումների ինստիտուտ չկա, մենք չենք կարող իմանալ՝ ում վարկանիշն է բարձրանում, ումը՝ իջնում»,-ասաց նա։

Քաղաքագետի խոսքով` որպեսզի հունիսի 20-ին տեղի ունենան ընտրություններ, Փաշինյանը պետք է հրաժարական տա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։

Դրանից հետո էլ, ըստ Սահմանադրության, չպետք է  պաշտոնավարի:

«Սահմանադրագետները բացատրում են, որ եթե նա հրաժարական է տալիս, չպետք է շարունակի պաշտոնավարել, բայց ինչպես հասկանում ենք այս պահին գործող վարչապետը հրաժարական է տալու եւ չի հեռանալու, որպես պաշտոնակատար անցկացնի հունիսի 20-ի ընտրությունները, ինչպես նախորդ արտահերթ ընտրությունների դեպքում»։

Բադալյանի խոսքով` հունիսի 20-ին սպասվելիք ընտրություններին Փաշինյանը կարող է  կիրառել վարչական ռեսուրս, բայց ոչ ամբողջությամբ:

«Հնարավոր է, որ վարչական ռեսուրսը կիրառի, որովհետեւ այնուամենայնիվ նա վարչապետ է, բայց ամբողջովին չի կարող կիրառել, որովհետեւ դրա համար մի քանի գործոններ կան, նախ Սյունիքի մարզի վարչական ռեսուրսը այլեւ նրան չի ենթարկվում, Երեւանի քաղաքապետը այլեւս նույն ջերմեռանդությամբ իշխանություններին չի պաշտպանում, ավելին՝ որքանով տեղյակ ենք՝ նա սառեցրել է հարաբերությունները իշխող քաղաքական թիմի հետ, հետեւաբար Երեւանի վարչական ռեսուրսը 100 տոկոսով չի օգտագործվելու, ինչպես նաեւ հաշվի առնելով բանակում իշխող տրամադրությունները՝ չեմ կարծում, թե ԳՇ պետի եւ Պաշտպանության նախարարի հրահանգով ամբողջ բանակը կքվեարկի գործող քաղաքական ուժի օգտին, բանակը քվեարկելու է այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում։ Այո, մարզպետարանները նրան են ենթարկվում, բայց այնպես չէ, որ մարզպետները ամբողջովին վերահսկում են գյուղական համայնքները, իսկ վերջիններս ամժնպայմանորեն քվեարկելու են նրա օգտին, չնայած՝ իհարկե կլինեն գյուղեր, որտեղ գյուղապետերը կհորդորեն քվեարկել գործող ուժի օգտին։ Եթե ոստիկանության ղեկավարությունը գործող ուժին է ենթարկվում, դա չի նշանակում, որ միջին եւ ցածր օղակներում բոլորը կքվեարկեն վարչապետի օգտին։ Այնպես որ ոստիկանության եւ ԱԱԾ-ի վերահսկողությունը շատ քիչ է վարչական ռեսուրսով ընտրազանգված ապահովելու համար։ Վարչական ռեսուրսը Հայաստանում կիրառվում էր առավելապես մինչեւ 2000-ականների սկիզբը, անգամ հանրապետականները ընտրությունները կեղծում էին փող բաժանելով։ Եթե անգամ փողը հայթայթեցիր, բայց այդ բաժանող ցանցը չունես, չես կարողանա ընտրությունների վրա այնպես ազդել, որպեսզի քեզ համար դրական արդյունք ապահովել։ Վարչական ռեսուրսով 2-3 տոկոս ձայն կարող ես հավաքել, սակայն քեզ անհրաժեշտ է 50+ տոկոս հավաքել, այդ աստիճան կեղծիքներ անելը գրեթե անհնար է առանց գումար բաժանելու։ Այինքն իշխող ուժը տվյալ պարագայուն չունի այդ ցանցը գումար բաժանելու համար, ինչն ունեն իր մրցակիցները, սակայն ոստիկանության ուժերի միջոցով կխանգարի նաեւ նրանց գումար բաժանելով ձայներ հավաքել»,-ասաց նա։

Գնահատելով ընտրություններին Փաշինյանի քաղաքական ուժի շանսերը, Բադալյանն ասաց, որ ամեն ինչ կախված է մյուս ուժերի իրականացրած քարոզարշավից:

«Եթե ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը լրիվ անգրագետ լինեն, իհարկե իշխող քաղաքական ուժը կարող է 100 տոկոս էլ հավաքել, իսկ եթե հաջող ընտրարշավ իրականացնեն, ապա իշխող ուժը չունի որեւէ հնարավորություն ոչ միայն հաղթելու, այլեւ ազդեցիկ ուժ դառնալու»,- հավելեց նա։