Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերից, եւ Իսրայելը թույլ չի տա Թեհրանին դա անել: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Իրանի մեղադրանքներն այն մասին, թե Իսրայելը սաբոտաժի է ենթարկել Նաթանզի միջուկային կայանը, հայտնում է Reuters-ը:

«Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենքի եւ դրանց մատակարարման համար հրթիռների իր որոնումներից»,- ասել է Նեթանյահուն: «Ես երբեք թույլ չեմ տա, որ Իրանը միջուկային ներուժ ձեռք բերի Իսրայելը ոչնչացնելու իր նպատակը կատարելու համար»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսրայելը մասնակից է Նաթանզի միջուկային կայանում կիրակի օրը տեղի ունեցած վթարին, որի խնդիրն էր խափանել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները: «Իսրայելցի քաղաքական գործիչները եւ զինվորականներն անկեղծորեն ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել եւ վերացնել անարդար պատժամիջոցները Թեհրանի դեմ, եւ այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին»,- ասել է նա՝ պատասխանելով Նաթանզի միջադեպի վերաբերյալ հարցին: