Հայկական բնապահպանական ճակատ կամվորական նախաձեռնությունը չորս հարց էր ուղարկել բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանին Ամուլսարի խնդրի առնչությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀԲՃ-ից:

Ներկայացնում ենք մեր ուղղած հարցերը, ստացված պատասխաններն ու ՀԲՃ-ի մեկնաբանությունները․

1. Արդյո՞ք դուք ամբողջապես ուսումնասիրել եք «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների 295 էջանոց հաշվետվությունը և ՀՀ քննչական կոմիտեի կայքում տեղադրված մյուս գրագրությունները Լիդիանի, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» խմբի և քննչական կոմիտեի միջև։ Եթե այո, ապա ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին որպես նախարար և երկրաբան։

Պատասխան - Նախարարն ի պաշտոնե և մասնագիտությամբ որպես երկրաբան փուլ առ փուլ ուսումնասիրում է «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների հաշվետվությունները, ինչպես նաև Քննչական կոմիտեում առկա Լիդիանի, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» խմբի և քննչական խմբի գրագրությունները և պարբերաբար իր հրապարակային ելույթներում անդրադառնում դրանց՝ ներկայացնելով նախարարության դիրքորոշումը։

Մեկնաբանություն - Պատասխանից հասկանալի է դառնում, որ «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» խմբի և այլ փաստաթղթերը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չեն և կարծիք չկա դեռ դրանց մասին։ Հրապարակային ելույթներում էական, մասնագիտական որևէ բան չի ասվել դրանց մասին և դրանց հղում տալը՝ մեղմ ասած, այնքան էլ կոռեկտ չէ։

2. Արդյո՞ք դուք ծանոթ եք այն փաստաթղթերին, որոնք ՀՀ քննչական կոմիտեն երկու տարի է հրաժարվում է տրամադրել մեզ։ Եթե ծանո՞թ եք, ապա պատրա՞ստ եք մեզ նույնպես տրամադրել այդ փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերի ցանկին և դրանք մեզ չտրամադրելու փաստերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Պատասխան - Այս կարևոր հարցը մնացել է առանց պատասխան՝ ինչը սպասելի էր։

3. Արդյո՞ք դուք ամբողջապես ուսումնասիրել եք դեռ 2017 թ-ին հրապարակված չորս միջազգային հանրահայտ փորձագետ-գիտնականների (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից) մեկ տասնյակից ավել հաշվետվությունները։ Եթե այո, ապա ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին որպես նախարար և երկրաբան։

Պատասխան - Այս հարցը նույնպես մնացել է անպատասխան։ Ենթադրվում է, որ մեր նշած հաշվետվությունները չեն ուսումնասիրվել։

4. Պատրաստ եք արդյո՞ք լուրջ անկախ մասնագիտական քննարկում նախաձեռնել վերոնշյալ հաշվետվությունների և այլ ուսումնասիրությունների բովանդակային վերլուծություն անելու համար, որը կլինի բաց ու հասանելի հանրության համար (ուղիղ տեսահեռարձակում կամ ամբողջական տեսանկարահանում՝ հետագայում հրապարակելու համար)։

Պատասխան - Նախարարին կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ առաջարկվել է վերոնշյալ հաշվետվությունների և այլ ուսումնասիրությունների բովանդակային վերլուծության նպատակով նախաձեռնել անկախ մասնագիտական բաց քննարկում զանգվածային լրատվության միջոցների մասնակցությամբ։ «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների հաշվետվությունների ամբողջական ուսումնասիրությունից հետո, ըստ անհրաժեշտության, նախարարության լիազորությունների շրջանակում կանցկացվի մասնագիտական քննարկում, այնուհետև՝ արդյունքների վերաբերյալ շահագրգիռ հասրակական կազմակերպությունների հետ կիրականացվի բաց քննարկում։

Մեկնաբանություն - Պատասխանից պարզ է դառնում, որ 2017-2018թթ կարևորագույն հետազոտություններն անտեսելու, դրանք քննարկման առարկա չդարձնելու միտում կա և խոսվում է միայն «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների հաշվետվությունների շուրջ քննարկումներ կազմակերպելու մասին՝ այն էլ միայն ինչ-որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ։ Մեր կարծիքով պետք է վերլուծվեն և քննարկվեն մինչ այժմ արված բոլոր գիտական և մասնագիտական ուսումնասիրությունները, և ոչ միայն ՀԿ-երի, այլ նաև Ջերմուկ համայնքի իրազեկ բնակիչների, անաչառ մասնագետների, գիտնականների ու փորձագետների հետ։

Հ․Գ․ Իսկ անպատասխան մնացած հարցերը ստիպված ենք նորից ուղղել նախարարին՝ ակնկալելով, որ այս անգամ կլինեն նաև դրանց պատասխանները։