Երեկ հայկական ամբողջ սոցիալական ցանցերը ողողված էին Ադրբեջանի հանցագործ քաղաքական իշխանության հայտարարություններով՝ Ադրբեջանում բացված պուրակի հետ կապված: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում իր  ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսօր ԱԺ նիստը բացվեց այդ պահվածքը դատապարտող ելույթներով: Մեզ ի՞նչ է թվում, մեզ թվո՞ւմ է,  որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա: Իրենք նայելու, ասելու են՝ մի պուրակ բացեցինք, մի ամբողջ երկիր խառնվել է իրար: Իսկ ի՞նչ ենք անում, որ այդ պուրակները չբացվեն: Ձեր այսօրվա հայտարարությունները եւ վերջին 2 ամսվա հայտարարություններն իրար հետ բռնո՞ւմ են, չեն բռնում»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հարցրեց նաեւ, թե ուր է ԱԳՆ հայտարարությունը: «Ձեզ թվում է, որ այստեղ հայերեն լեզվով Ալիեւին շան տուր եք տալիս, դա ինչ-որ ազդեցություն ունի աշխարհի վրա՞: Միջազգային դիվանագիտական աշխատանքն ո՞ւր է, բա պետք է գործ արվի, պետք է ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը, ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը: Պետք է աշխատանք տարվի»,-ասաց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ 2016 թվական ապրիլյան պատերազմից հետո պատգամավորական խմբով գնացել էին Արցախ եւ փաստահավաք առաքելություն իրականացրել, դրանից հետո լոբբինգ են արել, որ ԱԳՆ-ն աշխատի, այդ փաստերը ներկայացնի:  Ըստ նրա՝ քանի որ այդ գործը չարվեց, դա կրկնվեց 2020 թվականին եւ եթե այսօր էլ չարվեց, էլի է կրկնվելու: «Պետք է գործ արվի եւ ոչ միայն հայերեն՝ Ազգային ժողովի ամբիոնից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Բաքվում «Ռազմական ավարի պուրակ»  էր բացվել, որտեղ ներկայացվել է ավելի քան 300 ցուցանմուշ, այդ թվում՝ մինչեւ 150 կտոր ծանր տեխնիկա, հայ զինվորների սաղավարտներ, ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: