Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել զարգացնել ռազմական ու պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի հետ, հաղորդում է Tasnim-ը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Ռոհանին ընդգծել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական եւ պաշտպանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով 2020թ. հոկտեմբերին Իրանին զենքի մատակարարման ՄԱԿ-ի արգելքի վերացումը:

Նա նաեւ ընդգծել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման անհրաժեշտությունը` նշելով, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի պետությունները: Ընդգծելով խաղաղությունն ու կայունությունն ապահովելու նպատակով տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու Իրանի պատրաստակամությունը՝ Իրանի նախագահը սա համարել է ռազմավարական քայլ՝ Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման եւ տարածաշրջանային գործերին միջամտելու դեմ:

Նա նաեւ կոչ է արել ջանքեր գործադրել Թեհրանի եւ Մոսկվայի տնտեսական ու առեւտրային կապերն ընդլայնելու համար՝ ասելով, որ երկկողմ հարաբերությունները պետք է զարգանան առանց արտաքին ճնշումների:

Իր հերթին Լավրովը նշել է, որ Իրանի հետ համագործակցության զարգացման սահմանափակումներ չկան, այդ թվում՝ պաշտպանական եւ տեխնիկական: Նրա խոսքով, Ռուսաստանը եւ Իրանը ընդհանուր նպատակներ ունեն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությունում: Ռուս դիվանագետը, մատնանշելով Վիեննայի ՀՀԳՊ-ի վերաբերյալ հանդիպումների վերջին փուլը եւ միջուկային գործարքին վերադառնալու ԱՄՆ պատրաստակամությունը, ասել է, թե Մոսկվան կարծում է, որ միակ ելքը կլինի Վաշինգտոնի անվերապահ վերադարձը պայմանագրին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի կատարման միջոցով: