ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է առաջիկա ամիսներին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում:

Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Բայդենը եւ Պուտինը քննարկել են մի շարք տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր, այդ թվում` սպառազինությունների վերահսկման եւ անվտանգության նոր հարցերի շուրջ ռազմավարական կայունության ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի երկխոսությունը շարունակելու մտադրությունը:

Բայդենը «նաեւ հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն կգործեն ի պաշտպանություն իրենց ազգային շահերի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, ինչպիսիք են կիբեռհարձակումները եւ ընտրություններին միջամտությունը»: «Նախագահ Բայդենը կարեւորել է ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ: Նախագահը մտահոգություն է հայտնել օկուպացված Ղրիմում եւ Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական հզորության հանկարծակի կուտակման կապակցությամբ եւ Ռուսաստանին կոչ է արել թուլացնել լարվածությունը:

Նախագահը վերահաստատել է Ռուսաստանի հետ կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ հաստատելու իր նպատակը` ԱՄՆ շահերին համապատասխան, եւ առաջարկել է առաջիկա ամիսներին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում` Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի առջեւ ծառացած խնդիրների ամբողջական շրջանակը քննարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: