Չինական Huawei հեռահաղորդակցական ընկերությունը նախատեսում է 2030 թվականին վեցերորդ սերնդի (6G) բջջային ցանց գործարկել: Այս մասին հայտարարել է CGTN հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր ներկայիս գործադիր տնօրեն Էրիկ Սյուին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ելույթ ունենալով Շենժենում Huawei-ի վերլուծաբանների համաշխարհային համաժողովում՝ Էրիկ Սյուն ասել է, որ շուտով ընկերությունը կհրապարակի պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կբացատրվեն 6G ցանցի զարգացման առանձնահատկությունները:

Ավելի վաղ Չինաստանի Ցինխուա համալսարանի ներկայացուցիչ Ցույ Բաոգոն ասել էր, որ նոր ցանցերում ինտերնետի արագությունը կհասնի վայրկյանում 1000 գիգաբայթի, ինչը 50 անգամ ավելի արագ է, քան 5G կապի ստանդարտը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 6G ցանցերը կլուծեն գերարագ տրաֆիկում բարձրորակ ինտերնետ կապերի հետ կապված ներկայիս 5G խնդիրը: Վեցերորդ սերնդի բջջային ցանցերը կապահովեն բարձրորակ միացում, երբ օգտագործողը տարածության մեջ շարժվում է 1000 կմ/ժամ արագությամբ՝ եւ՛ գերարագ գնացքով ճանապարհորդելիս, եւ՛ ինքնաթիռով ճանապարհորդելիս: