Տեղացի դիտորդները ուշադրություն են դարձրել նրան, որ Բելառուսը, որը ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակիցն է, Բաքվի եւ Երեւանի միջեւ կոնֆլիկտում աջակցում է Ադրբեջանին, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

«Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային երազանքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ դուք՝ որպես Բելառուսի ժողովրդի իրական բարեկամներ, հասկանում եք, որ առջեւում դեռ աշխատանք կա: Ծանր աշխատանք՝ վերադարձված տարածքներում կյանքը վերականգնելու ուղղությամբ: Եվ դուք պետք է հասկանաք, որ Բելառուսը ձեր հուսալի բարեկամն է»,-ասել է Լուկաշենկոն Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:

Ավելին, նա շնորհավորվել է Հայաստանին եւ Ադրբեջանին «այդ ծանր կոնֆլիկտի» ավարտի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրանք «կշրջեն էջն ու խաղաղ կապրեն»:

«Այդ հայտարարությունը Հայաստանում կարող է ընդունվել որպես ոչ բարեկամական: Ե՛վ այցը, եւ՛ զենքի հնարավոր վաճառքը, եւ՛ շնորհավորանքը խայթոց են Հայաստանի համար եւ կարող են սրել այդ երկրի հետ հարաբերությունները»,-այդ առիթով «ՆԳ»-ին ասել է քաղաքագետ Վալերի Կարբելեւիչը:

Մեկնաբանելով Լուկաշենկոյի այցի հնարավոր նպատկաները՝ փորձագետները խոսում են գումար խնդրելու նրա ծրագրերի մասին: 2010 թվականին Ալիեւն արդեն օգնել է Լուկաշենկոյին՝ նրան 200 մլն դոլար տալով, որպեսզի փակի «Գազպրոմ»-ի հետ հաշիվները: Բացառված չէ, որ կարող էր քննարկվել զենքի մատակարարման հարցը: