Շվեդիայում սերմնաբջիջների խիստ պակաս կա՝ արտամարմնային բեղմնավորման համար, քանի որ պոտենցիալ դոնորները կորոնավիրուսի համավարակի ժամանակ խուսափում են հիվանդանոցներից, հաղորդում է Reuters-ը:

«Սերմնաբջիջները վերջանում են: Մենք երբեք այսքան քիչ դոնորներ չենք ունեցել, որքան անցյալ տարի»,- ասել է Գեթեբորգի համալսարանական հիվանդանոցի վերարտադրության բաժանմունքի ղեկավար Էն Թուրին Չելբերգը:

Դեֆիցիտը հանգեցրել է նրան, որ արտամարմնային բեղմնավորման սպասելու ժամանակը նախորդ տարվա 6 ամսից հասել է 30 ամսի, եւ, հնարավոր է, ավելի երկար: Այս մասին Reuters-ին հայտնել են այդ խնդրին ծանոթ բժիշկները:

Բացի պետական բժշկական հաստատություններից, Շվեդիայում կան նաեւ մասնավոր կլինիկաներ, որոնք արտերկրում կարող են լուծել սերմնահեղուկի պակասի հարցը:

Բայց այս կլինիկաներում արտամարմնային բեղմնավորումը հաճախ արժե մինչեւ 100 000 շվեդական կրոն (11 785 ԱՄՆ դոլար), ինչը շատերի համար այն անհասանելի է դարձնում: Շվեդիայի ազգային առողջապահական ծառայությունում արտամարմնային բեղմնավորումն անվճար է իրականացվում։