Իրանի իշխանություններին հաջողվել է ստանալ մինչև 60 տոկոս հարստացված ուրանի առաջին խմբաքանակը: Այս մասին ուրբաթ Twitter-ում գրել է երկրի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հպարտ եմ տեղեկացնել, որ այս գիշեր՝ ժամը 00:40-ին (ապրիլի 15-ին Մոսկվայի ժամանակով 23:10-ին) իրանցի գիտնականներին հաջողվել է մինչեւ 60 տոկոս հարստացված ուրան ստանալ,- ասել է նա:- Շնորհավորում եմ Իրանի քաջարի ժողովրդին այս հաջողության կապակցությամբ»:

Քաղաքական գործիչը հավելել է, որ «Իրանի ժողովուրդը ունակ է տապալել թշնամու ցանկացած դավադրություն»:

Երեքշաբթի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արագչին հայտարարել էր, որ չորեքշաբթի օրվանից Թեհրանը կսկսի ուրանի 60 տոկոսով հարստացումը: Երկրի նախագահ Հասան Ռոհանիի խոսքով՝ այս քայլը ձեռնարկվել է ի պատասխան ապրիլի 11-ին տեղի իսրայելական սաբոտաժի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտում: