Այժմ հիմնական աշխատանքներն իրականացվում են փորձագիտական ենթախմբերի կողմից, որովհետև դետալ առ դետալ պետք է ուսումնասիրել խնդիրները։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման խնդրին։

«Մենք քննարկում ենք ուղիներ, որոնց իրավական կարգավորումներն իրականցվելու են բացառապես ԱՊՀ երկրների իրավական բազայով, միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացած է։ Որևիցէ այլ ձևաչափով քննարկումներ ես այդ հարթակում չունեմ»,- նշեց փոխվարչապետը։

Հարցին, թե որքանով է խանգարում նոյեմբերի 9-ի պայմանագրում Ադրբեջանի՝ ութերորդ կետի չկատարումը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք ունենք նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որն ավելի մանրամասն նկարագրում է աշխատանքային խմբի անելիքը փոխվարչապետների մակարդակով։ Նույնիսկ էմոցիոնալ առումով նման բան իրականացնելու համար ֆոնը պետք է լինի շատ ավելի բարի-դրացիական»։

Լրագրողի դիտարկմանը, որ պաշտոնական Բաքուն անընդհատ խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, փոխվարչապետը հակադարձեց․ «Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց և այն կոնտեքստում, որը դուք ձեր հարցի մեջ ենթադրում եք։ Այո, միջանցք բառ ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե հարց»։