Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը շատ ուշացած է, որովհետեւ հրադադարի ստորագրումից անմիջապես հետո «Լուսավոր Հայաստանը» սկսել է լոբբինգ նել փաստահավաք պարիտետային հանձնաժողով ստեղծելու գաղափարը: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն կոչի մասին, որտեղ նա ասում է, որ պետք է ԱԺ ստեղծվի քննիչ հանձնաժողով, որպեսզի տրվեն բոլոր հարցերի պատասխանները:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց գրեթե բոլոր առաջարկներն այս ուղղությամբ մերժվել են եւ հիմա, երբ Օնիկ Գասպարյանը կոչ է անում քննիչ հանձնաժողով ստեղծել, պետք է հաշվի առնի, որ արդեն կա մեկ քննիչ հանձնաժողով Ապրիլյան պատերազմի պարագայում, եւ եթե հիմա նոր քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա այն պետք է ղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, ըստ նրա, ավելի վատ ճակատագիր է ունենալու, քան Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

«Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին, ուրեմն, թող ստեղծվի այդ հանձնաժողովը: Ես ուղղակի զարմանում եմ, որ նման բան է հայտարարել: Ես կարծում եմ, որ պարոն գեներալը տեղյակ չէ, որ անվտանգային հարցերով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ պաշտպանությանգ ործող հանձնաժողովի հենքի վրա, իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը: Մենք այս իշխանություններին այս մասով ոչինչ չենք վստահում, կարծում եմ, որ պարոն Գասպարյանը եւս չի վստահում, որովհետեւ հայտարարել էր, որ խեղաթյուրել են ԱԽ-ի նիստի արձանագրությունները»,- ասաց նա եւ հավելեց, որ այս պարագայում լուծումը պարիտետային հանձնաժողովն է, որի չի ղեկավարելու Անդրանիկ Քոչարյանը եւ որտեղ կլինի բալանս քաղաքական ուժերի միջեւ:

«Կամ ավելին ձեզ ասեմ. արդեն վեց ամիս է՝ այս թեման քննարկվում է, նոր են որոշե՞լ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Ժողովուրդ, խորհրդարանը ցրվում է, ի՞նչ հանձնաժողով, այս ընտրությունից հետո նրանք այլեւս իշխանություն չեն լինելու, ինչի մասին է խոսքը»,-շեշտեց նա:

Խոսելով երեկ ԱԽ-ի կողմից հրապարակած ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի թեմայի մասին՝ Մարուքյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ երկու կողմ պարզապես վիճում են եւ ինքը պարզապես կարող է ասել, որ հրապարակեն ամբողջ փաստաթուղթը: