Ընկերությունը, որը գլխավորում է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքի քույրը եւ որի բաժնետոմսերի մի մասի սեփականատերն է նա, հաղթել է պայմանագրեր Անգլիայում եւ Ուելսում Առողջապահության ազգային ծառայության ստորաբաժանումների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Անցած տարի Հենքոքը հայտարարագրել է Topwood Ltd ընկերության 20 տոկոս բաժնետոմսերի սեփականությունը: Սակայն փաստը, որ ընկերության տնօրենն ու ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթի սեփականատերը նախարարի քույրն է՝ Էմիլի Հիլրութը, հայտնի է դարձել բոլորովին վերջերս. այդ մասին հոդվածը հրապարակել է  Health Service Journal պարբերականը:

Ընկերությունը, որը մասնագիտանում է փաստաթղթերի վերամշակման սարքավորումների արտադրության գործում, շահել է NHS-ի մրցույթը 2019 թվականին, ընդ որում՝ Հենքոքը դարձել էր առողջապահության նախարար 2018 թվականի հուլիսին: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը բաշխված է Էմիլի Հիլրութի եւ նրա ամուսնու՝ Թոմ Հիլրութի միջեւ:

Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ նախարարը չի խախտել վարքականոնը եւ որ նրա հայտարարագրերը համապատասխանել են բոլոր պահանջներին:

«Նախարարները չեն առնչվում մրցույթներին, այնպես որ շահերի բախում չկա»,-հայտարարել է նա:

Այդպիսի բացատրությունն, ըստ էության, չի բավարարել կառավարության քաղաքական ընդդիմադիրներին:

«Ցավոք, ես կասկածում եմ, որ կառավարության հենց սրտում հովանավորչությունն արդեն ոչ ոքի չի զարմացնում»,-դժգոհել է առողջապահության «ստվերային» նախարար Ջոնաթան Աշվորթը: