ԳՇ պետի պաշտոնում գտնվող Օնիկ Գասպարյանի հայտնի հայտարարությունը ենթադրում էր ռազմական հեղաշրջման փորձ. Այսինքն եթե ԳՇ պետը հայտարարում է, որ պահանջում է վարչապետի հրաժարականը, իսկ Վազգեն Մանուկյանն էլ հրապարակից զինվորականներին կոչ էր անում խառնվել քաղաքականությանը, մենք դա կքննադատենք: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի օրոք մենք պարտվել ենք եւ տրամաբանական է, որ պահանջում են նրա հրաժարականը, պատգամավորն ասաց. «Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել լավ բժիշկ, լավ ռազմագետ, լավ տնտեսագետ ու գյուղատնտես լինի: Նա կարող է ղեկավարել այդ կառույցները: Երբ Գլխավոր շտաբը հայտարարում էր, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, նախ միայն ղեկավարը չի, որ պարտվել է: Գլխավոր շտաբը, ՊՆ-ն, բոլորս ենք կրում այդ պատասխանատվությունը եւ եթե ես ասեմ, որ այսինչ պաշտոնյան պետք է հեռանա, ապա նախ ես պետք է հեռանամ: Օնիկ Գասպարյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, մենք մնանք, ինչ-որ մարդիկ գան: Միգուցե դա պայմանավորվածություն է եղել, ես չգիտեմ»:

Հարցին, թե երբ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե պատերազմում պարտության համար բոլորն են մեղավոր, օրինակ՝ հեռավոր գյուղի 60-ամյա տատիկի մեղավորությունը ո՞րն է, ինչո՞ւ անուն առ անուն չեն ասում, ի վերջո, ում նկատի ունեն, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց. «Առաջին հերթին ինքս ինձ նկատի ունեմ, որովհետեւ պատերազմի դաշտում եմ եղել եւ ի վիճակին չեմ եղել իմ ջոկատով մինչեւ վերջ գնալու, որովհետև շատերը սպառվել էին, զինվորները շատ էին: Մեղավոր ենք, ես, դու, բոլորս: Երբ հրապարակից հայտարարում էին, թե հողերը հանձնել են, ոչ, մենք չենք հանձնել: Մենք գնացել էինք պահելու, չեկածներն են հանձնել, գուցե գային, ու այդ հողերը պահեինք»:

Հարցին՝ Շուշին թշնամին գրավե՞լ է, թե՞ հանձնել են, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես կխոսեմ այնտեղից, որտեղ եղել եմ, եղել եմ Լաչինում, Քարվաճառում: Շուշիում չեմ եղել, չեմ կարող ասել»: