Տասնյակ տարիներ իշխանության եղած անձինք, որոնք դղյակներ են կառուցել, եթե անգամ չլիներ այս պատերազմը, էլի դուրս էին գալու փողոց, որովհետեւ իրենք վստահ են, որ ունեն տարբեր ապօրինի գույքեր եւ վախենում են դրանք կորցնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

«Այդ հարցը մոտակա ժամանակներում կլուծվի եւ այդ մ,իջոցները կվերադարձվեն: Դրանցից ամեն մեկը մի Պանցիր է, մի հրանոթ է, տանկ է եւ այլն: Մարդիկ մի քանի տարի պաշտոնի են եղել, գնացեք, տեսեք՝ ինչեր ունեն: Մենք 3 տարի պաշտոնի ենք, ոչ մի բան չունենք, գլուխներս բարձր է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկինների օրոք մենք Արցախ ենք ունեցել, եւ կարողացել ենք ապրիլյան պատերազմում հաղթանակ տանել, պատգամավորն արձագանքեց. «2016-ին մենք հողեր ենք կորցրել, եթե հողեր կորցնելը նշանակում է հաղթանակ, էս էլ որակեք հաղթանակ»:

Գրիգորյանը նշեց, որ 3 օրում 800 հեկտար ենք կորցրել, իսկ ահա 44-օրյա պատերազմն ավելի երկար պատերազմ էր. «Երկրորդը՝ տեսեք, Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում ասաց, որ բանակցությունները մտել էին փակուղի, այսինքն այլ ճանապարհ չկար: Նրանք գիտեին, որ պատերազմ է լինելու, սպասեցին այնքան ժամանակ մինչև այս իրավիճակը եղավ: Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սկսեցին հայտարարել, որ նա եկել է հողեր տալու: Որտեղից տենց միանգամից գիտեին, թե գիտեին, որ պատերազմ է լինելու, ամեն ինչ ջարդվելու է Փաշինյանի գլխին»: