ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական ճանաչումը կունենա պատմական նշանակություն եւ, հավանաբար, շատ այլ երկրների կստիպի ջարդը որպես ցեղասպանություն ճանաչել: Այս մասին Cyprus Mail-ին տված հարցազրույցում հայտարարել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մագդեսյանը:

«Դա 1915 եւ 1923 թվականների ողբերգական իրադարձությունները ճանաչելու մեր երկար տարիների պայքարի արդարացումը կդառնա: Իհարկե, նախկինում մենք հիասթափված էինք նախորդ [ԱՄՆ] նախագահների տված խոստումներից, սակայն դրանք չեն կատարվել»,- ասել է նա:

1915-1923 թվականների դեպքերից անմիջապես հետո Կիպրոսն այն բազմաթիվ տեղերից մեկը դարձավ, ուր փախնում էին հայերը:

«1920-ականների սկզբին Կիպրոսը գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից խուսափած հայերին, ովքեր ժամանել էին Լառնակա, հիմնականում՝ ֆրանսիական նավերով: Նրանք շատ հարուստ հարաբերություններ են զարգացրել տեղական կիպրացի հույների, ինչպես նաեւ կիպրոսցի թուրքերի հետ, ովքեր մեզ եւս բարեկամաբար ընդունեցին»,- ասել է Մագդեսյանը:

Նա հիշեցրել է, որ Կիպրոսի խորհրդարանը Եվրոպայում առաջինն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1975-ին, իսկ 2015-ին Ցեղասպանության հարյուրամյակի օրը, դրա հերքումը քրեականացվեց: 

Նշենք, որ Կիպրոսի խորհրդարանը հինգշաբթի իր եզրափակիչ նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության հիշատակը: