Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Հայաստանում եւ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական եւ սոցիալական նոր իրողություն ստեղծվեց: Այս մասին ապրիլի 23-ին «Հայաստանը եւ Թուրքիան Հարավային Կովկասում. Իրողությունները եւ ռիսկերը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Տարածաշրջանում, ըստ նրա, կտրուկ բարձրացել է Թուրքիայի դերը: «Հարավային Կովկասում թուրքական գործոնի համապարփակ ուսումնասիրությունը հնարավորություն կտա հայտնաբերել այն ռիսկերն ու հեռանկարները, որոնց կարող են բախվել Հայաստանն ու հայ ժողովուրդը»,- ընդգծեց դեկանը:

Նա նշեց, որ Հայաստանի ու Թուրքիայի ժամանակակից սահմանները որոշվել են Կարսի պայմանագրով, որն արդեն 100 տարեկան է: Արեւելագետը համոզված է, որ Կարսի պայմանագրի ճանաչումը չափազանց կարեւոր է պաշտոնական Անկարայի համար, քանի որ դա Թուրքիայի երեք հիմնական նախապայմաններից մեկն է Հայաստանի եւ հայերի նկատմամբ:

«Դա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումն է, Կարսի պայմանագրի ճանաչումը եւ Ադրբեջանի համար ձեռնտու Ղարաբաղի հարցի լուծումը: Այս նախապայմաններից մեկը Թուրքիան ագրեսիայի միջոցով, ըստ էության, կարողացավ լուծել, սակայն՝ մասամբ: Համոզված եմ, որ՝ կարճ ժամանակով: Այնուամենայնիվ, մնացած երկու նախապայմանները մնում են Թուրքիայի օրակարգում»,- նշեց Մելքոնյանը՝ նախազգուշացնելով, որ ոչ գրագետ արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության դեպքում Հայաստանը կարող է ծուղակում հայտնվել: