Եւս մեկ անգամ փաստենք, որ սկզբունքային դատավորները հավատարիմ են մնում իրենց տված երդմանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետը Վահե Հակոբյանը։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով նրա ձերբակալությունը։

«Մենք հիմա անհամբեր սպասում ենք 18։30-ին կայանալիք դատական նիստին, որը տեղի կունենա դատավոր Մանվել Շահգելդյանի նախագահությամբ։ Կարծում եմ՝ ինքն էլ նույն սկզբունքներին հավատարիմ կլինի, եւ այս ապօրինի եւ անհիմն ձերբակալություններին վերջ կտա»,- նշեց նա։

Անդրադառնալով երեկ Դատախազության շենքի մոտ բախումներին՝ Հակոբյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ ոստիկանները հրահրեցին այդ բախումը, եւ ոչ էլ ժողովուրդն էր եկել այդ տրամադրությամբ։ Պարզապես արդեն այդ բաժակը լցված է։ Ինչքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, ի վերջո ո՞ւր ենք գնալու, արդեն վաղուց գլորվում ենք այդ անդունդը, մնացել է պարզապես հասնենք հատակին, որտեղից հետադարձ ճանապարհ չունենք»։

Վահե Հակոբյանն անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեղարկելու իշխանության գործողություններին՝ ասաց. «Ես համարում եմ այդ սցենարն այս օրվա դրությամբ ամենահնարավորը, որովհետեւՆիկոլն ու շքախումբն ամեն ինչ կանեն, որ չեղարկեն, որովհետեւ շատ լավ պատկերացնում են, որ չեն կարող ընտրությունները հաղթել անգամ եթե գնա վարչական ռեսուրսն օգտագործելուն»։