Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, որն ունակ է պահպանելու պատմական հիշողությունն ու ճանաչելու անցյալի սխալները, ապրիլի 24-ին հիշատակում է Օսմանյան կայսրության վայրագությունը, որը կատարվել է 20-րդ դարի սկզբին հայկական բնակչության դեմ: Հայոց ցեղասպանությունը հանցանքի մասշտաբով համեմատելի է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների Հոլոքոստի հետ: Այս մասին ասվում է միջազգային հայ-ռուսական «Լազարյան ակումբի» խորհրդի հայտարարության մեջ՝ կապված Հայոց ցեղասպանության տարելիցի հետ:

Հայտարարության մեջ ասված է. «Ոչ մի  հնարք եւ պատմությունը խեղաթյուրելու փորձ չի կարող ջնջել Ցեղասպանության փաստը, որը ճանաչվել է Ռուսաստանի եւ աշխարհի շատ այլ երկրների կողմից: Օսմանյան կայսրության մեղքը մոռացության տալու գայթակռությունը հակասում է ժամանակակից Թուրքիայի շահերին:

Նշենք ամենակարեւորը. 106 տարի առաջ Օսմանյան կայսրության իշխանությունը նպատակաուղղված բնաջնջեղ հայկական էթնիկ խմբերին կայսրության տարածքից: Այդպիսով, Օսմանյան պետության քաղաքականությունը հայկական բնակչության դեմ անկասկած ընկած է Ցեղասպանություն եզրույթի հիմքում, որն ամրագրված է ՄԱԿ-ի 1984թ. «Ցեղասպանության հանցանքի կանխման եւ դրա պատժման մասին» կոնվենցիայի թիվ 2 հոդվածում:

Թուրքիայի միջազգային վարկանիշը վերադարձնելու միակ միջոցը այդ վայրագությունը ճանաչելն է: Այդպես կարելի է շրջել պատմության ողբերգալի էջն ու առաջ շարժվել՝ ուղի հարթելով Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ հաշտեցման համար: Դրա փոխարեն Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանությունը հերքելու արշավը, ինչը պահպանում է լարվածությունը տարածաշրջանում: 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ողբերգալի իրադարձությունները բացահայտ կերպով ցուցադրում են տրամադրությունները, որոնք տիրում են Անկարայի ղեկավարության գլխում. Թուրքիան Կովկասում բացահայտ աջակցում է Ադրբեջանի ցանկացած գործողության եւ հայտարարության:

Ռուսաստանը բազմազգ երկիր է, որը ստանձնել է խաղաղապահ առաքելությունը՝ ձգտելով պահպանել Կովկասում խաղաղությունն ու հավասարակշռությունը: Ռուսաստանի համար կարեւոր է ապավինել պատմական բազմադարյա փորձին:

«Լազարյան ակումբը», որը միավորում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն աջակցող մարդկանց, խոնարհվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: Մենք ոչ ոքի թույլ չենք տա, որ մոռանա այդ մասին: Դա նշանակում է, որ մենք եղել ենք եւ մնում ենք զգոն՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին վնաս հասցնելու ցանկացած փորձի նկատմամբ»: