Ուրբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հայտարարել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդը որպես Ցեղասպանություն ճանաչելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու առաջնորդների միջեւ զրույցի բովանդակությանը քաջատեղյակ աղբյուրներին:

Ակնկալվում է, որ Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը շաբաթ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը ճանաչելու մասին հայտարարության մեջ՝ կատարելով խոստումը, որը տվել է իր նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նա կդառնա վերջին 40 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին նախագահը, որը հրապարակավ կճանաչի 1915 թվականին կատարված զանգվածային ոճրագործությունները՝ որպես ցեղասպանություն:

Bloomberg-ը նաեւ նշում է, որ Սպիտակ տունը չի հիշատակել այդ հարցը Բայդենի եւ Էրդողանի հեռախոսազրույցի մասին մամուլի հաղորդագրության մեջ՝ միայն նշելով, որ Բայդենն ասել է Թուրքիայի առաջնորդին, որ հետաքրքրված է «համագործակցության լայն սպեկտրով եւ տարաձայնությունների արդյունավետորեն կարգավորմամբ կառուցողական հարաբերություններում»: