Մի քանի ամիս է, ինչ նախագահ Ջո Բայդենը նախագահ է, և խոսվում է այն մասին, որ նա՝ որպես նախագահ, հնարավոր է՝ կիրառի «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես սենատոր եղած տարիներին, մենք սպասում ենք, որ դա տեղի կունենա: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը՝ հավելելով, որ այս անգամ իրենք մեծ հույսեր ունեն:

«Երբ ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենահզոր երկրներից մեկը, հաստատում է, որ Ցեղասպանություն է եղել, կարևոր է և՛ ամերիկացիների, և՛ հայերի համար: Հայերի համար կարևոր է, որ մեկ անգամ ևս հաստատվի, որ ոչ թե 30 երկիր է ընդունում Ցեղասպանության իրականությունը, այլ 31 լինի:

Թուրքիան Ցեղասպանությունը դեռ չի ընդունում, պետք է տարբեր երկրների հետ աշխատենք,  որ ամբողջ աշխարհը մեր պատմությունը ճանաչի, որ Հայոց ցեղասպանություն եղել է, և դա Թուրքիայի սարքածն էր: Եթե Ցեղասպանությունն ընդունած լինեին, հաջորդող ցեղասպանությունները կարող է տեղի չունենային, կարող էր տեղի չունենար Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված անցյալ տարվա պատերազմը: Եթե չես կասեցնում, պիտի նորից կրկնվի: Ես էլ ձեզ նման անհամբերությամբ սպասում եմ  նախագահ Ջո Բայդենի խոսքերին»,- ընդգծեց Արփի Վարդանյանը: