Գրեթե համոզված եմ, որ այսօր ԱՄՆ նախագահ Բայդենը իր ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Բայց եկեք հստակ հասկանանք, որ դա կապված է լինելու աշխարհաքաղաքական գործոնների հետ, ԱՄՆ-ի շահերի հետ եւ Թուրքիայի այսօրվա քաղաքականության հետ: Ինչեւէ, դրանից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության համար նոր հնարավորություններ են բացվում, ինչը այս իշխանությունները անընդունակ են իրականացնելու. Ինչպես նաեւ ընդհանրապես արտաքին քաղաքականություն վարելու»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով, Թուրքիան բավական վաղուցվանից վարում է նեոօսմանիզմի քաղաքականություն, որը կոչվում է նաեւ պանթուրանիզմ. «Դրա առաջին զոհերը դարձյալ մենք էինք միայն ու միայն այն պատճառով, որ Հայաստանում արդեն երեք տարի ունենք մի իշխանություն, որը պաշտպանում է նույն նեոօսմանիզմի քաղաքականության շահերը: 1915-ից հետո մեր ամենամեծ աղետը 2020 թվականն էր եւ առաջին հերթին մեզ պետք է միասնություն, որ հաղթահարենք մեր ներսի նեոօսմանիզմը: Այն 5 հազարից ավելի զոհերը, հայրենիքի կորուստը տեղի չէր ունենա, եթե Հայաստանն ունենար թեկուզ վատ, բայց իր շխանությունը, ոչ թե օտարի նշանակած իշխանությունը: հուսանք, որ մոտ ապագայում կկարողանանք ազատվել պետական դավաճանություն կատարած այս իշխանություններից, որպեսզի կարողանանք պահպանել արդեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ մեր պետականությունը: Հիմա արդեն վտանգը Սյունիքն է: ՀՀ իշխանությունները լծված են հաղորդակցական ինչ-որ միջանցքներով, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»,-ասաց  նա:

Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ Հայաստանն այսօր գործոն չէ. «Երկու տարի առաջ եմ ասել, որ Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ, ընդամենը օբյեկտ է: Ոչ մի հարց չի լուծվելու, ամեն ինչ շարունակելու է վատթարանալ,  վտանգները մեր տարածքային ամբողջականությանն ուղղված շարունակելու են մեծանալ, քանի դեռ չենք հրաժարվել նեոօսմանիզմի շահերը սպասարկող այս քաղաքականությունից»: