Հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը ես ճիշտ ուղղությում եմ համարում, բայց ինչպես ռուսական ասացվածքն է ասում. «Дорога ложка к обеду и всему своё время»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։

«Այսինքն մենք պետք է հասկանանք, թե երբ դա անենք: Օրինակ, եթե իշխող կառավարությունը ստորագրեր 5+2 ձեւաչափով տարածքները տալու պայմանագիր, առանց պատերազմի եւ հետո հրադադարից 27 տարի անց բացեր ճանապարհները, դա կարելի էր հասկանալ, որ ամեն ինչ արվում է մեր երկրի զարգացմանհամար: Բայց այսօր, երբ մեր երախաների արյունը չի չորացել, երբ անհետ կորածների դիերը չեն հայտնաբերվել, երբ ունենք գերիներ Ադրբեջանում, իհարկե, ժամանակը չէ ճանապարհները բացելու կամ բարիդրացիական  բանակցությունների համար»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով Սյունիքում Նիկոլ Փաշինյանը ձայներ ունի՞, Թովմասյանն արձագանքեց. «Ես չեմ կարող գնահատական տալ՝ ունի, թե չունի: Ես տեսնում եմ, որ Գյումրիի ժողովուրդը պատրաստ չէ եւ չի ուզում քարոզարշավ անող որեւէ մարդու ընդունել: Նրանք ունեն պրոբլեմներ եւ ուզում են դրանց լուծումը: Դրա համար եթե Նիկոլ Փաշինյանը կամ մյուս կուսակցությունները այդ հարցերի լուժման ճանապարհ կառաջարկեն եւ կլուծեն, նրանք կունենան իրենց հեղինակությունը:

Ինչ վերաբերում է Սյունիքին, եթե այստեղ մարդիկ հայհոյում են, իրենց կրքերն են ցուցաբերում այս կամ այն անձի շուրջ, պետք է հասկանալ պրոբլեմի սկիզբը: Մարդիկ ամեն առավոտ արթնանում ու տեսնում են թուրքերին իրենց դիմաց: Եվ տեսնելով, որ իշխանության կողմից կա անուշադրություն, նրանք իրենց բողոքն են արտահայտում: Ես լրիվ իրենց հասկանում եմ»:

Հարցին, թե արդյոք պատրաստվում են մասնակցել ընտրություններին, Թովմասյանը պատասխանեց. «Եթե հայտարարվեն արտահերթ ընտրություններ, մենք մեր թիմով կհավաքվենք եւ մեր որոշումը կընդունենք: Հնարավոր է, եթե դրա կարիքը լինի, առողջ ուժերին համախմբել եւ գնալ ընդհանուր դաշինքով: Իսկ եթե որոշենք, որ չենք գնալու, չենք գնա»: