«Հայրենիք» կուսակցությունն իր առաջ ուներ խնդիրներ, որոնցից մի քանիսը կարողացավ լուծել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, «Ծիծեռնակաբերդում» լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Լուծել չկարողացավ Նիկոլ Փաշինյանի  վարչապետությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Ի սկզբանե մեր առջև դրված էր խնդիր պարտադրել իշխանություններին հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, բայց մեկ պայմանով, որ մեկ տարի պետք է լինի անցումային կառավարություն։ Այդ օրակարգից անցումային կառավարության հատվածը չստացվեց, բայց ես կարծում եմ, որ «Հայրենիքի փրկության շարժումը» կատարել է իր առջև դրված խնդիրը՝ հանրության գերակշռող հատվածի մոտ կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- նշեց նա։

Արթուր Վանեցյանի խոսքով «Հայրենքի» կուսակցությունն տարբեր կուսակցությունների հետ ունենում քննարկումներ ։

«Կլինի դաշինքով մասնակցություն, թե միայնակ, առաջիկայում կհայտարարվի։ Կա քաղաքական ուժերի և անհատների մի խումբ, որն հակաիշխանականներ են, և կա մի խումբ, որոնք իշխանությունների հետ են։ «Հայրենիք» կուսկացությունը և ես մեր տեղը հստակ տեսնում ենք հակաիշխանական հատվածում»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և իր խոսնակ Մանե Գևորգյանի դեմ ներկայացրած հայցի ետ վերցնելու, Վանեցյանը նշեց․ «Դատարանն ասաց, որ տեղեկությունը տարածվել էր վարչապետի խոսնակի անձնական էջով, և այդ դեպքում վարչապետը չի հանդիսանում պատասխանող կողմ և այդ հիմնավորմամբ ետ է վերցվել վարչապետի դեմ ներակայացված հայցը»։

Հարցին, թե երբ է վերջին անգամ հանդիպել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, Վանեցյանը պատասխանեց․ «Մի քանի ամիս առաջ ուղղակի տեսել ենք, խոսել, որևէ քաղաքական քննարկում չի եղել, բանագնացի ֆունկցիա նա չի կատարել»։

Հիշեցնենք, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դատական հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակ Մանե Գևորգյանի դեմ, քանի որ վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Արթուր Վանեցյանը պահանջում էր պարտավորեցնել վարչապետին եւ նրա խոսնակին զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաեւ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։