Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման իր միջազգային պարտավորությունների համաձայն: Այս մասին ասվում է ԵԺԿ հայտարարության մեջ:

«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մենք հաստատում ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը:

Մենք միանում եւ վճռականորեն պաշտպանում ենք Հայաստանի եւ հայ ժողովրդի պարտավորությունը՝ շարունակել միջազգային պայքարը ցեղասպանության կանխման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար:

Մենք կոչ ենք անում Թուրքիային անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման իր միջազգային պարտավորությունների համաձայն եւ նայել իր սեփական պատմության եւ հիշողության դեմքին՝ հարգելով մարդկության դեմ այս սարսափելի ոճրագործության զոհերի հիշատակը:
Մենք հավատում ենք, որ այդպիսի քայլը կնպաստի տեւական խաղաղությանը, կայունությանը եւ մարդու իրավունքներին ամբողջ տարածաշրջանում»: