Այսօր բոլորս ծանր սրտով ենք բարձրացել Ծիծեռնակաբերդ, որովհետեւ աղետալի պատերազմը ընկճել է հայ ժողովրդին, եւ կասկած չկա, որ ազդել է մեր բարոյահոգեբանական վիճակի մեջ, բայց, որպես դաշնակցական, մեզ արգելված է վհատվել եւ այդ տագնապից հետո նույն վճռականությամբ նվիրվելու ենք Հայ դատի պայքարին, որի բաղկացուցիչ մեկ մասն է Ցեղասպանության պահանջատիրությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Խաչատուրյանը նշեց, որ ակնկալում են, որ այսօր Ջո Բայդենը կարտասանի «ցեղասպանությունը» բառը, որովհետեւ շարունակական աշխատանք է տարվել այդ ուղղությամբ. «Մենք հսկայական բանակ ենք եւ հսկայական աշխատանքի շնորհիվ հասել ենք այս կետին: Այս շարժումը ԱՄՆ-ում թափ էր ստացել 2019-ին եւ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հստակ բանաձեւերի էին ընդունել: Հուսանք՝ ճանաչումը կկայանա ԱՄՆ նախագահի մակարդակով, որը շատ կարեւոր է, որովհետեւ Ամերիկայի օրենքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը երկրի նախագահի պատասխանատվության ներքո է»:

Անդրադառնալով Արցախի պատերազմին Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ հարցին, թե Հայ դատի հանձնախմբերի համար արդյո՞ք գործունեության դաշտ չի բացել, Խաչատուրյանն ասաց՝ այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում, որ բացահայտվի Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին եւ պատերազմական հանցագործություններին. «Պատերազմին Թուրքիայի մասնակցությունը չափազանց մեծ գործոն էր: Ցավալի է, որ արտոնվեց Թուրքիային ներխուժել Կովկաս, մի բան, որ առաջ չէր հանդգնի: Նրանք մեծ ախորժակ ունեին, եւ պատերազմից հետո այդ ախորժակը ուղղված է դեպի Հայաստան, այդ առումով մեծ անելիքներ ունենք: Մեծ անելիք ունենք գերիների հարցով եւ ՀՅԴ-ի ստեղծած Հայ իրավաբանների հիմնարկը այսօր դատ է հարուցել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ Եվրոպայում գերիների հարցով: Գործնական իմաստով ունենք գերիների հարցը, պատերազմական ոճիրի հարցը եւ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը»: