Մեզ համար խնդիրն այն չէ, որ սահմանները փակ են կամ բաց են, Թուրքիան ինքն է փակել այս սահմանները, եթե ուզում է բացել, իր գիտենալիքն է, բայց որեւէ նախապայման, որեւէ զիջում հայկական կողմից չպետք է լինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս իշխանությունների կողմից նշվում է Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումների մասին:

«Թուրքիան հանդես է եկել եւ հիմա էլ հանդես է գալիս երեք նախապայմաններով. Մեկը Ղարաբաղի հարցն էր, երկրորդը անուղղակիորեն Ցեղասպանության հարցը խնդրո առարկա դարձնելն էր, ասելով, որ Հայաստանի հետ հաշտության պրոցես կա, ինչու է աշխարհը խանգարում: նույնը Էրդողանը փոխանցել էր Ջո Բայդենին, բայց ԱՄՆ նախագահը տվել էր հատու պատասխան:

Եթե այս ընթացքով վերսկսվի հայ-թուրքական խաղաղության, հաշտեցման շրջան, մեզ համար բոլորովին մերժելի է: Խաղաղությունը մեկ օր պետք է հաստատվի, բայց դրա հիմնական նախապայմանը մեր կողմից պետք է լինի՝ Թուրքիայի կողմից իր պատմության հետ առերեսումը, Ցեղասպանության ճանաչումը եւ հատուցումը»,-ասաց Տեր-Խաչատուրյանը:

Հարցին, թե ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը շոշափելի առումով ի՞նչ կարող է տալ Հայաստանին, Խաչատուրյանն ընդգծեց, որ պատմական իրողության ճանաչումն ունի քաղաքական նշանակություն, եւ այն երկրները, որոնք տատանվում են Ցեղասպանության ընդունման հարցում տեսնեն, որ Ամերիկայի նման հզոր պետությունը Թուրքիայի սպառնալիքին տեղի չի տվել. «Թուրքիայի այն թեզը, որ կան երկրներ, որ ամբողջական ճանաչում չեն տվել, այդ թեզը կանհետանա, եւ մեր վերջնական նպատակը Թուրքիայի ճանաչման եւ հատուցման հարցն է: Մենք շարունակելու ենք մեր պահանջատիրական պայքարը: Դրա համար ստեղծել ենք հիմնարկ, որի տնօրեն խորհուրդը բոլոր տեղերում է, որն ակնկալում ենք պահանջատիրական ցուցակը: Պետք է լինի մեր համազգային պահանջների խորհրդանիշը: Այս իշխանությունները շատ հեռու են այդ քայլն անելուց, բայց մենք շարունակաբար պնդելու ենք, որ անկախ իշխանությունից՝ երկիրը պետք է ունենա պետական քաղաքականություն, որի առանցքներից մեկը Ցեղասպանության հարցն է»: