Հայոց ցեղասպանությունը մի ժողովրդի ողբերգությունը չէ: Դա սարսափելի եւ, ցավոք, չյուրացված դաս է ողջ մարդկության համար: Այս մասին Facebook-ի իր էջին գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

«Այսօր՝ ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է:

Աշխարհը ոգեկոչում է սպանված, խոշտանգված, սովամահ արված մեկուկես միլիոն մարդու հիշատակը, որոնց միակ մեղքը մարդասպանների առջեւ «սխալ» ազգությունն էր եւ «սխալ» հավատը: Դա մանրազնին եւ ծրագրված սպանություն էր, որը տեւեց երկու տասնամյակ: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում մեկ գիշերվա ընթացքում հարյուր հազարավոր մտավորականներ, հոգեւորականներ, գրողներ, փիլիսոփաներ եւ արվեստագետներ ձերբակալվեցին՝ մարդիկ, ովքեր հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդներն էին, նրանք, ովքեր կարող էին տանել իրենց հետեւից: Գրեթե բոլորը սպանվեցին:

Դա մանրակրկիտ կերպով ծրագրված սպանություն էր, որը տեւեց երկու տասնամյակ:

Թուրք զավթիչները նախապես բանակ զորակոչեցին եւ գնդակահարեցին հայ զինվորականներին: Նրանք, ովքեր ողջ մնացին ցեղասպանության ծրագրի այս երկու փուլերից հետո՝ կանայք, երեխաներ, ծերեր, բռնի կերպով անապատ քշվեցին իրենց հայրենի երկրից: Վերաբնակիչների մեծ մասը մահացավ սովից եւ հիվանդություններից: Գրեթե ոչ ոք ողջ չմնաց:
Նրանք, ովքեր կարողացան փախնել, ցրվեցին օտար երկրներ եւ ընդմիշտ կորցրեցին իրենց հայրենիքը:
Այդ ժամանակ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, եւ հասարակությունն ընդամենը մտահոգություն հայտնեց:

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում...

Քառորդ դար անց Հիտլերը հռետորական հարց տվեց. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»: Պատասխանը Հոլոքոստը դարձավ:
Հայոց ցեղասպանությունը մի ժողովրդի ողբերգությունը չէ: Այն սարսափելի եւ, ցավոք, չյուրացված դաս է ողջ մարդկության համար: Մինչ այժմ ոչ մի երկիր եւ ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից: ՄԱԿ-ի կողմից ճանաչված վերջին ցեղասպանությունը կատարվել է բոլորովին վերջերս՝ 1995 թվականին` հայ ժողովրդի ողբերգությունից 80 տարի անց, արդեն մեր օրերում:

Հենց այդ պատճառով այդքան կարեւոր է պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թեկուզ հարյուր տարի անց դատապարտել հանցագործությունը, հայտարարագրել ցանկացած հակամարտության եւ վեճերի նման «լուծման» անթույլատրելիությունը եւ քաղաքական պարտավորություններ ստանձնել:

Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է միջազգային մակարդակով՝ Եվրոպայի խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից:

Հայերի ոչնչացումը պաշտոնապես որպես ցեղասպանություն է ճանաչվել եւ դատապարտվել է 30 երկրների կողմից, այդ թվում՝Եվրամիության հիմնական երկրների, 29 նահանգների եւ մարզերի:

Ողբերգության 100-րդ տարելիցի օրը՝ 2015 թվականին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայկական պատարագ մատուցեց: «Չարի քողարկումը կամ ժխտումը նման է արյունահոսող վերքի, որը վիրակապված չէ»,- ասաց Հռոմի պապը:

Ուկրաինան դեպի Եվրամիություն տանող ճանապարհը նվաճեց Երկնային հարյուրի արյունով: Զոհերից առաջինը հայրենասեր եւ Ուկրաինայի որդի հայազգի Սերգեյ Նիգոյանն էր:

Դիմակայելով ագրեսիային երկրի արեւելքում, պայքարելով իրենց երկրի՝ Ուկրաինայի համար՝ ուկրաինահայերը զոհվեցին Զինված ուժերում, Ազգային գվարդիայում, ՆԳՆ-ում, կամավոր գումարտակներում:

Ուկրաինացի լեգենդար բանաստեղծուհի Լինա Կոստենկոն «Ցավդ տանեմ» կոչվող գեղեցիկ բանաստեղծություն է գրել, ինչը նշանակում է՝ «Քո ցավն ինձ եմ վերցնում»: Եկեք մենք էլ մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի ողբերգությունը երբեք չկրկնվի: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների հիշատակը...

Ցավդ տանեմ»: