Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, օտարման եւ ատելության անընդունելի գինը: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ:

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի եւ համայն աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու հայ ժողովրդի դեմ անիմաստ գործողություններից տուժածների եւ զոհվածների հիշատակը: Մենք նաեւ հարգում ենք նրանց հետնորդներին եւ բոլոր նրանց, ովքեր շարունակում են ապրել այս ողբերգության ցավով, տրավմայով եւ կորստով:

Հայոց ցեղասպանությունը աշխարհին ցույց տվեց բաժանման, օտարման եւ ատելության անընդունելի գինը: Կանադան կտրականապես դեմ է եւ դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունը եւ այլատյացությունը: Այսօր մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը բոլոր մարդկանց հիմնարար իրավունքներին եւ արժանապատվությանը եւ պարտավորվում ենք հարգել դրանք, շարունակել աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի նման վայրագությունները այլեւս չկրկնվեն: 

Մենք շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ուժով եւ ոգով աներեւակայելի դժվարությունների առջեւ եւ հույսով սպասում ենք ավելի խաղաղ ապագայի:

Այս մռայլ տարեդարձին ես կանադացիներին հրավիրում եմ դադար առնել՝ հիշելու զոհերին եւ Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Մենք կշարունակենք հարգել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով առավել խոցելին եւ աշխատելով մեր աշխարհը ավելի լավ տեղ դարձնելու ուղղությամբ»: