Կարդինալ Լեոնարդո Սանդրին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի Հայրապետական հայկական քոլեջում պատարագ է մատուցել:

Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտը իր քարոզում Հայոց ցեղասպանությունը (Մեծ Եղեռն) «մարդկության պատմության վրա բիծ» է անվանել: Նա հավելել է, որ «պարբերական, ծրագրված տառապանքների» զոհ դարձած հայ ժողովուրդը չի կորցրել «հավատի գանձերը»:

Կարդինալ Սանդրին հիշեցրել է «անմարդկային բռնություն» կրած հայ ժողովրդին հասցված ցավի մասին: Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ հայ ժողովուրդը ծնել է սրբերի, ինչպիսին է Գրիգոր Նարեկացին, որը «լուսավորել է մարդկությունը Հայաստանի սահմաններից շատ հեռու»:

Կարդինալը Հայոց ցեղասպանությունը համեմատել է Հոլոքոստի հետ: Նա ասել է, որ նման ողբերգությունները ստիպում են հարցնել մեզ, թե որտեղ էր Աստված: Նման պահերին, ասել է նա, Աստծո ողորմությունը գալիս է մեզ օգնության: «Ավետարանը մխիթարում է մեզ՝ հաշվի առնելով, որ 106 տարի առաջ հարձակման զոհ դարձած հայ ժողովրդի որդիներն ու դուստրերը «Աստծո բարեկամներն» են: