Այսօր մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի ամենամեծ սարսափներից մեկի՝ 106 տարի առաջ հայ մտավորականության արտաքսմամբ սկսված մի ամբողջ ժողովրդի դեմ ուղղված ջարդերի նահատակներին: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Մարինա Կալյուրանդը, հայտնում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից:

Նա, մասնավորապես, հավելել է. «Եվրախորհրդարանը 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչեց 1987թ. հունիսի 18-ի իր բանաձևում:

Ես հարգանքի տուրք եմ մատուցում անմեղ զոհերի հիշատակին և կոչ եմ անում ողջ միջազգային հանրությանը միանալ այս ոգեկոչմանը: Ես դատապարտում եմ ատելության և բռնության բոլոր շարժառիթները: Պատմության դասերը երբեք չպետք է մոռացվեն»: