ՀՅԴ. Բյուրոն ողջունում է ԱՄՆ. նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը:

ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «2021թ. Ապրիլի 24-ը պատմական օր է հայության համար։ Պատմական օր է, որովհետև Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը, հանձինս նախագահ Ջոզեֆ Բայդենի, պաշտոնապես վերահաստատեց Հայոց Ցեղասպանության իրողությունը։

Այսպիսով, փաստորեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները անցան այն բազմաթիվ երկրների շարքը, որոնց ո՛չ միայն օրենսդիր, այլ նաև գործադիր իշխանություններն են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։

ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանություն եզրույթի գործածությունը այս օրերին հույժ կարևոր է նաև այն պատճառով, որ փաստացի գնահատական է տրվում Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին ուղղակիորեն ու անթաքույց ներգրավված Թուրքիայի՝ սրանից 106 տարի առաջ կատարած ու առավել քան մեկ դար շարունակվող ցեղասպանական գործողություններին։

Արձանագրված հաջողությունը արդյունքն է տասնամյակներ շարունակ ՀՅԴ ԱՄՆ մարմինների, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների և հազարավոր նվիրյաալների անդուլ, անխոնջ ու անկոտրում պայքարի։ Այն՝ արգասիքն է մեր մարմինների, գրասենյակների ու հանձնախմբերի հանդեպ ամերիկահայության հավատքի, հայության հետևողական աշխատանքի, Հայ Դատի ամերիկացի բարեկամների, աջակիցների ու քաղաքական գործիչների։

ՀՅԴ Բյուրոն այսու իր շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, որոնք անվհատ պայքարեցին այս հաջողության համար։ Վարձքներդ կատա՛ր։

Ամերիկայի Միացեալ Նահանգների այս հայտարարության պատգամը մեզ համար միանշանակ է. պայքարը շարունակվում է, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատւությունը և կատարի արդարացի հատուցում։ Հայ Դատը ժամանցելիություն չի ճանաչում։ Հայության ոտնահարված իրավունքները պիտի՛ վերականգնվեն։ Հայաստանն ու հայությունը իրենց արժանի տեղը պիտի՛ ունենան ազգերի համաշխարհային ընտանիքում։ Հայությունը պիտի՛ ունենա անվտանգ ապրելու և արարելու հնարաւորություն  իր բնօրրանում»:

Ուրեմն, օն անդր առաջ՝ դեպի նոր հաղջողություններ ու նոր հաղթանակներ։