Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ ամեն մակարդակում ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

«Գործադիր մարմինը վերջինն էր, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Ներկայացուցիչների պալատը և Սենատը ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ 45 նահանգները՝ ևս։ Իր խոսքով ինքը վերջ է դնում մոտ 40 տարի թուրքական կառավարության կողմից արտաքին ճնշամիջոցներ բանեցնելուն Ամերիկայի վրա, որպեսզի սրա շուրջ ճիշտ չխոսի։ Այլևս վերացած է սա, և Ամերիկան կարող է ճիշտ ձևով հիշել, ոգեկոչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա։

Ըստ Էլիզաբեթ Չուլջյանի՝ ԱՄՆ նախագահը վերահաստատեց, որ ամեն երկիր պարտականություն ունի ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչելու, այլ նաև ցեղասպան երկրների նկատմամբ պատժամիջոցների կիրառելու։

«1965 թվականից ի վեր նահանգ առ նահանգ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում է Ցեղասպանությունը՝ ցույց տալով, որ Թուրքիան չէ որոշողը Ամերիկայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այլ որ Ամերիկան ինքը պետք է որոշի։ Այսօր այդ ճշտմարտությունը հաղթեց»,- ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։

Էլիզաբեթ Չուլջյանի կարծիքով՝ սա ոչ միայն պատմական կարևորություն ունի, այլ նաև կարևոր է Հայաստանի ապագայի համար․ «Սա կարևոր քայլ է դեպի արդարություն, որին հայ ժողովուրդն արժանի է։ Եվ անվտանգության համար, որն անպայման կարևոր է Հայաստանի գոյատևման համար»։

Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաջորդ քայլն է աշխատել  Ամերիկայի կառավարության հետ Հայաստանի առաջնահերթություններն առաջ տանելու համար։

«Պետք է աշխատել Հայաստանի նկատմամբ ունեցած քաղաքականությունը վերակառուցելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք պաշտպանել Հայաստանի և Արցախի անվտանգությունը և տարածաշրջանում ստեղծենք խաղաղություն, որը հիմնված է արդարության վրա։

Նաև օգնենք նրանց, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումների պատճառով ստիպված տեղահան են եղել իրենց տներից։ Աշխատել ռազմագերիների հարցի լուծման համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի հստակ միջնորդի դեր ունենա հարցի լուծման մեջ, և կենտրոնանալ Թուրքիայի և Ադրբեջանի պատժամիջոցների վրա 44-օրյա պատերազմում իրենց գործած ոճիրների համար»,- ավելացրեց Էլիզաբեթ Չուլջյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ երկար տարիներ աշխատել են Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցները, մասնավորապես` ԱՄՆ-ում «Հայ Դատի» գրասենյակները: Բացի այդ, ըստ մի շարք փորձագետների, դրան նպաստել է նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացումը՝ կապված մի շարք հարցերի վերաբերյալ նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության հետ:

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը

https://news.am/arm/news/640671.html