ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն հաստատի «Ինջիրլիք» ավիաբազայի վրա եւ այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերը վերադարձնի Միացյալ Նահանգներ: Այսպիսի կարծիք է շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:

«Թուրքական զինված ուժերը պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն հաստատեն «Ինջիրլիք» ավիաբազայի վրա եւ 15 օրվա ընթացքում տուն ուղարկեն այնտեղ գտնվող ամերիկացի զինվորականներին»,- համոզված է քաղաքական գործիչը:

Թուրքիայում առաջին անգամ չէ, որ խոսակցություններ են ծագում ամերիկյան զինվորականների համար այս ավիաբազան փակելու հավանականության մասին: Սովորաբար Անկարայի նման հռետորաբանությունը ծագում է Վաշինգտոնի կողմից սպառնալիքների լույսի ներքո, սակայն այդ ուղղությամբ գործը դեռ չի հասել որեւէ հստակ քայլի: