ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անձնական հանդիպում է ակնկալում: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչը` Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության Բայդենի կողմից ճանաչման լույսի ներքո, գրում է ՏԱՍՍ-ը:

Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Բայդենն ու Էրդողանը մեկ օր առաջ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Բայդենը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: Բացի այդ, նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, որոնք կտրուկ վատթարացել են վերջին երկու տարվա ընթացքում:

Ըստ աղբյուրի՝ Բայդենը ձգտում է համագործակցել իր թուրք գործընկերոջ հետ` բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու համար: Այս կապակցությամբ նա առաջարկել է օգտվել առիթից եւ անձամբ հանդիպել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Վարչակազմի ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը Անկարային ՆԱՏՕ-ում կարեւոր դաշնակից է համարում, եւ Բայդենի հայտարարությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել: