Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: Այս մասին նա հայտնեց իր այսօրվա ուղերձում:

Նա կշարունակի կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները օրենսդրությամբ ու սահմնադրությամբ սահմանված ամբողջ ծավալով:

«Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա։ Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու։ Խորհրդարանական մյուս խմբակցությունները, պատգամավորները թեկնածու չեն առաջադրի ու կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ես հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, եւ սա խորհրդանիշն է այն բանի, որ ժողովրդից ստացած իշխանությունը, վերադարձնում ենք ժողովրդին»,-ասաց նա:

Նա նշեց, որ հրաժարական է տալիս, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իր քաղաքական ուժը մասնակցելու է այդ ընտրություններին եւ ինքն էլ մասնակցելու է որպես վարչապետի թեկնածու:

Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու համար, Ազգային ժողովը պետք է արձակվի, եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, ապա ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում է նոր ընտրություն։