Առավոտից սկսվեցին ճնշումներ, հայտարարություններ, կոչեր առ այն, որ, եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը թեկնածու չառաջադրեն եւ չկանխեն ընտրությունները, ուրեմն դավաճան են: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Նոյեմբերի 10-ից սկսած Հայաստանը գտնվում է ներքաղաքական խորը ճգնաժամի մեջ: Այդ ճգնաժամը գումարվել է հետպատերազմական հումանիտար ճգնաժամին: Դրանից առաջ ունեինք առողջապահական ճգնաժամ, ինչը մինչեւ այսօր ունենք, սոցիալական ճգնաժամ ունենք երկրում, ինչպես նաեւ բարոյական ճգնաժամ:

Այս ճգնաժամերի լուծման համար երկար բանակցություններից հետո գնացել ենք զիջումների եւ այդ զիջումների արդյունքում կա համաձայնություն, որ հունիսի 20-ին պետք է լինեն արտահերթ խորհրադարանական ընտրություններ: Երբ այդ համաձայնությունը ձեռք բերվեց, սկսեցին ասել, թե դա տեղի չի ունենա, որովհետեւ վարչապետը հրաժարական չի տա, պայմանավորվածությունները կխախտվեն եւ ընտրություններ չեն լինի: Ասացինք՝ ոչինչ չի բացառվում քաղաքականության մեջ, բայց պայմանավորվել ենք, հույս ունենք, որ տեղի կունենա, որից հետո սկսվեց քարոզչական արշավ, որ պետք չեն ընտրություններ, բայց ինչ է պետք՝ պարզ չի, որովհետեւ այլ մեթոդով քաղաքական խնդիրները չեն լուծվել մինչեւ ընտրությունների համաձայնությունը:

Այսօր վարչապետը տվեց հրաժարական, նախագահը ստորագրեց հրամանագիրը: Սա նշանակում է, որ սկսվում է խորհրդարանի արձակման գործընթացը: Առավոտից սկսվեցին ճնշումներ, հայտարարություններ, կոչեր առ այն, որ, եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը թեկնածու չառաջադրեն եւ չկանխեն ընտրությունները, ուրեմն դավաճան են:

Մենք պայմանավորվել ենք, որ լինելու են արտահերթ ընտրություններ, եւ չենք խոչընդոտելու այդ մպատակով խորհրդարանի արձակմանը: Ինչի՞ համար են այդ կոչերը, որ ընտրություններ պետք չեն: Երբ հայտարարեցին, որ չեն լինելու ընտրություններ, բոլորն ասացին՝ վախեցան, հիմա համոզեցինք, բանակցեցինք, ասեւմ են՝ ընտրություններ պետք չեն: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ ոչ մի ճնշում չի աշխատելու մեզ վրա, մենք դա 2018 թվականին ենք ցույց տվել եւ ոչ մի ավանտյուրայի մենք չենք գնալու»,- ասաց նա ֆեյսբուքյան լայվում:

Մարուքյանի խոսքով` իրենք չենք գնում ընտրությունների, որ աջակցեն, որ գործող իշխանությունը վերընտրվի, կամ Ռոբերտ Քոչարյանը կամ որեւէ մեկը նախկին համակագից գա եւ դառնա վարչապետ:

«Այս ընտրությունները նրա համար չեն, որ թալանչի-դավաճան գոռացողների ձեռքին մենք որպես գերի շարունակենք այդ երկու կողմերին լսել, տուրք տալ այս ատելության քարոզին: Այս ընտրությունները նրա համար են, որ մենք դուրս գանք այս հին ցիկլից, որովհետեւ բոլորը, այդ թվում՝ գործող իշխանությունը հին են, եւ պետք է փոխել այդ իշխանությունը: Մենք չենք գնում ընտրությունների, որ աջակցենք, որ գործող իշխանությունը վերընտրվի, եւ որեւէ ձեւով չենք աջակցելու, որ Ռոբերտ Քոչարյանը կամ որեւէ մեկը նախկին համակագից գա եւ դառնա վարչապետ: Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու բոլոր մնացած մեթոդները փորձարկվել են անցած 6 ամսվա ընթացքում:  Եւ ասում են՝ պետք է դիմել Սահմանադրական դատարան, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետի ժ/պ, իսկ ի՞նչ տարբերություն՝ Նիկոլ Փաշինյանը կլինի, թե Տիգրան Ավինյանը: 2018 թվականին ինչո՞ւ այս հարցը չվիճարկվեց»,- նշեց նա:

Մարուքյանը խորհուրդ տվեց գնալ  ընտրությունների եւ այնքան ձայն կոնսոլիդացնեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության շուրջ՝ որպես երրորդ ուժ, որ ոչ մի տարբերակ չունենան բոլոր հները վերարտադրվելու:

«Քիչ է մնում՝ քֆուր դնենք: Նախկինում քֆուր էին դրել, որ ով համաձայնի ընտրություններին մասնակցել՝ չգիտեմ՝ ինչ է, մեկ էլ տեսնում եմ՝ քֆուր դնող ուժերը իրենք են առաջինը հայտարարում, որ մասնակցելու են: Դուք ձեր վրա քֆո՞ւր էիք դրել:

Այն օրին, ինչ հայտարարել ենք, որ ընտրություններ են լինելու, երկիրը խաղաղվել է, բայց սա պայմանական խաղաղություն է, հարաբերական անդորր է, եւ իրական անդորրը կարող է գալ ընտրություններով, երբ իրար հայհոյող խմբերը դուրս կշպրտվեն քաղաքական պրոցեսներից»,- ընդգծեց նա:

Խմբակցության ղեկավարը հավելեց, որ մենք այս սգի մեջ ստիպված գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց դա անում ենք նրա համար, որ մեր հերոսների արած հերոսությունները կարողանանք պաշտպանել. «Ուզում եմ դիմել զոհված եւ անհետ կորած զինծառայողներ ունեցող ընտանիքներին եւ ներողություն խնդրել, որ մենք այս սգի մեջ ստիպված գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց դա անում ենք նրա համար, որ մեր հերոսների արած հերոսությունները կարողանանք պաշտպանել, որ որեւէ մեկը չկարողանա ասել, որ այս մարդիկ զոհվեցին հանուն ոչնչի կամ անիմաստ»: