Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տանջանքներն ու ողբերգությունը», սակայն չի ընդունել 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության կողմից իրագործված զանգվածային սպանությունները՝ որպես ցեղասպանություն, գրում է The Times of Islael-ը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, արված հայտարարության մեջ նաեւ նշված է միջազգային հանրության պատասխանատվությունը «այդպիսի իրադարձությունների» կրկնությունը թույլ չտալու հարցում: «Այս օրերին մենք եւ աշխարհի երկրները պատասխանատվություն ենք կրում, որ այդպիսի իրադարձություններն այլեւս չկրկնվեն»,-նշված է իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես գրում է The Times of Islael-ը, հայտարարությունն արվել էր, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: «Յեշ Ատիթ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը բարձր է գնահատել այդ քայլը՝ հայտարարելով, որ «դա Բայդենի կարեւոր բարոյական հայտարարությունն է»: «Ես կշարունակեմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, դա մեր՝ որպես հրեական պետության բարոյական պատասխանատվությունն է»,-ընդգծել է նա: