Իսրայելում կայացել են մեծաթիվ միջոցառումներ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով. ապրիլի 23-ին հայ համայնքը կազմակերպել էր ավտոերթ Հայֆայից մինչեւ Երուսաղեմ, որտեղ արդյունքում կազմակերպվել էր հիշատակի քայլերթ Հին քաղաքում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է քաղաքական գործիչ Մենդել Կորսունսկին՝ հավելելով, որ ապրիլի 24-ին կայացել է պատարագ Իսրայելի բոլոր հայկակայն եկեղեցիներում՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի, ինչից հետո անցկացվել են միջոցառումներ Հայֆայում, Երուսաղեմում եւ Պետախ Տիկվայում:

Պետախ Տիկվայում միջոցառումները կայացել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, որին մասնակցել են հոգեւորականներ, ինչպես նաեւ Իսրայելում հայաստանի հյուպատոս Նարեկ Ղազարյանը: Միջոցառումը կազմակերպվել էր «Նաիրի» եւ «Նոյյան Տապան» հասարակական կազմակերպությունների կողմից:

Կորսունսկիի խոսքով՝ միջոցառմանը մասնակցել է նաեւ Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգը: Իր խոսքում Գրինբերգն իր հարգանքն է հայտնել քաղաքի հայկական համայնքին՝ նշելով, որ շատ հպարտ է, որ քաղաքապետարանը նպաստել է Իսյարելում Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանի տեղադրման գործում: Ռամի Գրինբերգը նաեւ անդրադարձել է պատերազմին Լեռնային Ղարաբաղում, որտեղ զոհվել են անմեղ մարդիկ, իսկ իր ուղերձի վերջում նա խաղաղություն, պատերազմների, ահաբեկչության ու արյունահեղության ավարտ է մաղթել աշխարհի ժողովուրդներին: