Օրենքի ոգուց բխում է, որ վարչապետի՝ պաշտոնակատար մնալը սխալ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Ունենք պրակտիկա, գործնականում 3 տարի առաջ եղել է այնպես, որ ժամանակավոր պաշտոնակատար եղել է նույն անձը. այսինքն՝ պրակտիկան ձեւավորված է։ Այն ժամանակ այդ հարցը ոչ ոք չբարձրաձայնեց, գուցե քաղաքական միջավայրն այնպիսին էր, որ չեղավ։ Ցավոք սրտի, մշակույթն այդ ճամապարհով է զարգացել, որը կարծում եմ՝ սխալ է։ Կարծում եմ՝ սխալ կլինի հիմա սա դարձնել նոր քննարկման առարկա, քաղաքական միջավայրը ծանրաբեռնենք այս քննարկումներով։ Օրենքից ոգուց բխում է, որ դա սխալ պրակտիկա է։ Սա ուղղակի հոդվածի բովանդակությունը բացահայտելու ջանք է. ով ոնց ուզում է՝ մեկնաբանում է։ Մասնագիտականը պահանջում է, որ երբ անձը հրաժարական է տալիս, նշանակում է՝ այդ անձը չպետք է այդ նույն գործառույթները կատարի, ինչ-որ մինչեւ հրաժարական տալը՝ կատարում էր. հրաժարական տալու իմաստը դրանում է»,- նշեց Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ այդ տրամաբանությամբ պետք է կառավարության կազմն էլ փոխվի, Սիմոնյանն ասաց. «Կարելի է այդ տրամաբանությունը կիրառել, բայց արդեն իրավական անվտանգության հարց է առաջանում։ Եթե մեր Սահմանադրական դատարանը մի օրենք հակասահմանադրական է ճանաչում, իրավական անվտանգությունից ելնելով ասում է՝ թող այս օրենքը կիրառվի, մինչեւ նոր օրենք կընդունվի։ Բայց մեկ անձի պարագայում դա անհրաժեշտ է, որովհետեւ ԱԺ-ի լուծարումը կախված է վարչապետի հրաժարականից։ Եթե մի անձը հրաժարվեց, ապա նա դադարի այդ նույն ֆունկցիան կատարելուց, ինչ-որ մինչեւ դա էր կատարում»։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ եթե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրեն, ապա ընդդիմություն չեն համարվի, պատգամավորն արձագանքեց. «Մի օր մենք՝ որպես հասարակություն պե՞տք է քաղաքակիրթ մշակույթ մեզանում ձեւավորենք եւ վերջնագրերով մեկս մյուսի հետ չխոսենք։ Ասել ենք, որ մենք ուզում ենք լուծարվի այս ԱԺ-ն, որ նոր ընտրություններ կազմակերպվի։ Ասել ենք, որ այս քաղաքական շրջափուլն ավարտենք, այդ ավարտը հնարավոր է բացառապես ԱԺ-ի լուծարման եւ նոր ընտրությունների միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է, որ չընտրվի վարչապետ։ Առաջադրելու իմաստն ինչո՞ւմն է կայանում, եթե մեր նպատակը վարչապետն չընտրվելն է եւ ԱԺ-ն լուծարելը»։

Հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԼՀԿ-ն մասնակցելու է միայն իր քաղաքական ուժով, թե՞ դաշինք է կազմելու, եւ ցուցակի առաջին համարը հայտնի՞ է, պատգամավորն ասաց. «Ցուցակից նորություն չկա, դեռեւս չենք որոշել՝ ով է մասնակցում ընտրություններին, ով չի մասնակցում։ Երբ կլինի համագումարը, դրա արդյունքում պետք է հաստատի ցուցակը»։