Մենք դուրս եկանք այն փուլից, երբ ամեն տարի ապրիլի 24-ին սպասում էինք, որ ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը, թե ոչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Բայդենն օգտագործել է «ցեղասպանություն» բառը:

«Սա հնարավորություն կտա ԱՄՆ-ում ավելի հստակ ներկայացնել համապատասխան պահանջները, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դրա նեգատիվ հետեւանքների վերացմանը: Սա նաեւ կարող է արագացուցիչ հանդիսանալ այլ պետությունների կողմից ճանաչելու պարագայում»,-ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը հավելեց, որ մենք պետք է շարունակենք ճանաչման գործընթացը տանել առաջ։ «Իհարկե իրավիճակը կփոխվի, բայց չպետք է գերագնահատել և թերագնահատել այդ հայտարարությունը: Հուսամ, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ այս գիծը կդառնա մշտական եւ հետագայում առնվազն Թուրքիան չի կարողանալու խոընդոտել ԱՄՆ-ում ընթացող իրավական գործընթացներին»: