Գրեթե երեք տասնամյակ Հայաստանը քաղաքականապես անկայուն կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է: Ոչ բարեկամական պետությունների շրջապատում գտնվող Հայաստանի համար Ռուսաստանը մնում է ազգային անվտանգության գլխավոր երաշխավորը: Սերտ երկկողմ հարաբերություններն արտացոլում են երկու պետությունների շահերի ընդհանրությունը: Այս մասին Երեւանում «Անկախություն եւ ինքնիշխանություն: Սպառնալիքներ եւ մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» խորհրդաժողովի ժամանակ ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվ. միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսության հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է պահպանել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կառուցողական հարաբերությունները, եւ ներկայիս միջազգային համատեքստում այդ հարաբերությունները Մոսկվայի համար կարեւոր նշանակություն են ձեռք բերում, այն դեպքում, երբ Հայաստանն այդ պետությունների հետ կոնֆլիկտային հարաբերություններ ունի, իսկ Ադրբեջանի հետ մշտապես գտնվել է պատերազմի շեմին:

Կռիլովի խոսքով՝ մոտ հեռանկարում Հարավային Կովկասում իրավիճակը կմնա լարված: «Շարունակում է բարձր մնալ արտաքին ուժերի կողմից գլոբալ մասշտաբի սեփական խնդիրները լուծելու համար տարածաշրջանի տարածքներն օգտագործելու հավանականությունը, ուստի այս պայմաններում հայ-ռուսական ռազմավարական միության կարեւորությունը դուրս է գալիս Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման շահերի շրջանակից»,-հայտարարեց Կռիլովը:

Նա հավելեց, որ ԱՄՆ-ն շարունակում է Հարավային Կովկասը դիտարկել որպես ռազմավարական պլացդարմ: «Ուժով ռուս խաղաղապահների դուրս մղելու առաջին փորձը կատարվեց Հարավային Օսիայում 2008 թվականին, սակայն ավարտվեց վրացական բանակի պարտությամբ, որից հետո տարածաշրջանում հայտնեցին երկու մասնակի ճանաչված պետություններ: Եվ միայն Լեռնային Ղարաբաղը շարունակեց մնալ չճանաչված պետության կարգավիճակում»,-նշեց նա:

«Վրացական ուղղությամբ անհաջողությունից հետո ԱՄՆ քաղաքականության ուշադրության կենտրոնում հայտնեց Հայաստանն ու ղարաբաղյան խնդիրը: Իր կովկասյան քաղաքականության հարցում Վաշինգտոնը լիովին անտեսում է միջէթնիկ հարաբերություններն ու պատմական գործոնների դերը: Օրինաչափություն է, որ «ֆուտբոլային դիվանագիտությունն» ավարտվեց ձախողմամբ, եւ «Ցյուրիխյան արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին»,-ընդգծեց Կռիլովը:

Հարավային Կովկասի վերաձեւավորման հաջորդ միջոցն ամերիկյան շահերում դարձավ տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը՝ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակիճակի ապակայունացման ճանապարհով: Ադրբեջանի իշխանությունները երկար տարիներ պատրաստվում էին խնդրի ռազմական լուծմանը, մշտապես ճնշում գործադրում Հայաստանի վրա Թուրքիայի աջակցությամբ:

«Ընդ որում, մի շարք հայ քաղաքական գործիչներ եւ ռուս փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանը եւ  Թուրքիան ԱՄՆ քաղաքականության գործիքներն էին: Ըստ այդ վարկածի՝ Վաշինգտոնի  եւ Լոնդոնի նպատակն էր հայկական ուժերի ջախջախումն ու պետական սահմանից դուրսբերումը, որից հետո Հայաստանում տեղի կունենար իշխանափոխություն: Այդ վարկածի օգտին խոսում է ոչ միայն Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի լռությունը, այլ նաեւ միջազգային հարթակում (այդ թվում նաեւ ՄԱԿ ԱԽ-ում) պատերազմի շուտափույթ դադարեցման հարցով Ռուսաստանի ջանքերի արգելափակումը: Մոսկվան հասավ ռազմական գործողությունների դադարեցման Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երկխոսության ձեւաչափով: Արդյունքում Հայաստանը խուսափեց «մայդանացումից»»,-կարծիք հայտնեց Կռիլովը:

Նա ընդգծեց, որ 2020 թվականին տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվեց. ուժեղացան Ադրբեջանի դիրքերը, զգալիորեն աճեց Թուրքիայի ազդեցությունը:

Չնայած նրան, որ Անկարան եւ Բաքուն հայտարարում էին Ադրբեջանի կազմում մտնող ամբողջ վիճելի տարածքի վերադարձի եւ կոնֆլիկտի ավարտի մասին, նա հիշեցրեց, որ Ռուսաստան, ինչպես եւ ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահ երկրներ, կողմ են արտահայտվել խնդրի հետագա քննարկմանը՝ ընդգծելով «վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորման» անհրաժեշտությունը: