Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռնպահ է մնում ԱՄՆ-ի հետ լարվածության հետագա սրումից, ինչը նշանակում է, որ Թուրքիայի ղեկավարը վախենում է խաթարել իր երկրի փխրուն ֆինանսները, գրում է Bloomberg-ը:

«Երկուշաբթի Էրդողանը ԱՄՆ նախագահին մեղադրել է այն բանում, որ նա ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ կապերը «զոհաբերել է ներքաղաքական ճնշմանը»:

Բայց Էրդողանը դեռ չի դիտարկել այլ տարբերակներ, որոնք, ըստ բարձրաստիճան թուրք պաշտոնյայի, ներառում են ԱՄՆ-ի հետ առանցքային պաշտպանական գործարքի սառեցում:

Չնայած Բայդենի քայլը հիմնականում խորհրդանշական էր, այն նախանշել է նրա վարչակազմի մոտեցումը Էրդողանի հետ կապերի նկատմամբ: Ռոնալդ Ռեյգանից հետո ԱՄՆ ոչ մի ղեկավար չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ վախենալով վանել Թուրքիային:

ԱՄՆ-ի հետ վերջին հակասությունները զգալի ֆինանսական ցավ են պատճառել Թուրքիային, եւ Էրդողանն ասել է, որ տարաձայնությունները կքննարկի հունիսին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Բայդենի հետ հանդիպմանը: «Մենք պետք է մի կողմ թողնենք այն խնդիրները, որոնք թունավորում են երկու երկրների հարաբերությունները եւ տեսնենք, թե հետագայում ինչ քայլեր ենք ձեռնարկելու»,- ասել է Էրդողանը: «Հակառակ դեպքում մեզ այլ բան չի մնում, քան նոր պրակտիկա ներդնել՝ համապատասխան այն մակարդակին, որի վրա ընկել են մեր հարաբերությունները»:

Էրդողանը չի մանրամասնել: Սակայն հետեւանքներից մեկը կարող է լինել Թուրքիայի կողմից Պաշտպանության եւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի սառեցումը, որը թույլ է տալիս համագործակցել Միացյալ Նահանգների հետ այնպիսի տարածաշրջանային հակամարտություններում, ինչպիսիք են Սիրիան եւ Իրաքը:

Պակտը, որը հանդիսանում է պաշտպանության ոլորտում համագործակցության կարեւորագույն մասը, Թուրքիային եւ ԱՄՆ-ին տրամադրում է անվտանգության աջակցություն՝ հետախուզական տվյալների փոխանակման, համատեղ վարժանքների եւ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի ավիաբազա մուտք գործելու միջոցով:

Երկուշաբթի օրը Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարն ասել է, որ Միացյալ Նահանգները գնահատում է Թուրքիայի հետ սերտ գործընկերությունը տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակում:

Նախկինում Էրդողանը սպառնացել էր մերժել ԱՄՆ-ի մուտքը վաղ նախազգուշական ռադարների կայան Կուրեչիկում, որը ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության կարեւոր տարրն է, ինչպես նաեւ «Ինջիրլիք» ավիաբազա, որը գտնվում է Սիրիայի մերձակայքում եւ օգտագործվում է Պենտագոնի կողմից մարտավարական միջուկային զենք պահելու համար: Նման բան տեղի չի ունեցել:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ Թուրքիան Բայդենի հայտարարությունից մի քանի ժամ անց անդրսահմանային հարձակում է սկսել Իրաքի հյուսիսում գտնվող քուրդ զինյալների դեմ:

Թուրքական կառավարությունը նաեւ մտածում է դեպի ծով ելք չունեցող Հայաստանի դեմ ուղղված քայլերի մասին, որը Վրաստանով տեղափոխվող մեծ քանակությամբ թուրքական սննդամթերք է սպառում, ինչպես նաեւ Ադրբեջանին աջակցությունը մեծացնելու մասին, ասել է աղբյուրը»: