ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ չպետք է ազդի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա: Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք չենք ակնկալում որեւէ փոփոխություն Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան [մեր] ՆԱՏՕ-ի դաշնակիցն է,- ասել է նա:- Մենք չենք ակնկալում, որ նախագահի հայտարարությունը, որը նա արեց հանգստյան օրերին, ինչ-որ կերպ կազդի դրանց վրա»: Քիրբին նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կապերը ռազմական ոլորտում միայն կամրապնդվեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: