Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները եզրափակվեցին ավանդական ծաղկահավաքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծաղիկներն արդեն տարիներ շարունակ վերամշակվում են և ոչ թե այրվում, ինչպես արվում էր ավելի քան 10 տարի առաջ:

Միջոցառման ընթացքում բոլոր ծաղիկները հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու թերթիկները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ատենապետ-վաշտապետ  Սարօ Թաթյոսն ասաց, որ վերամշակված ծաղիկներից պատրաստելու են մոմեր, թղթեր ու բացիկներ:

«Ինչպես արդեն մի քանի տարի է արվում, մենք այս տարի նույնպես որոշեցինք շարունակել այդ ավանդույթը և ծաղիկները վերամշակել: Սպիտակ մեծ կտորի վրա հավաքում ենք ծաղկի թերթիկները, այնուհետև տանում ենք մեր կենտրոն, դնում այնտեղ և մոտ 2 ամիս թողնում, որպեսզի բնական ճանապարհով չորանա: Այդ ամենից հետո դրանք կվերամշակվեն ու կդառնան թուղթ կամ մոմ: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ պատրաստված մոմերն ու բացիկներն ուղարկելու ենք ՀՀ-ում գտնվող տարբեր դեսպանատներ, արտասահմանում գտնվող Արտաքին գործերի նախարարություններ: Մոմերի վրա գրում ենք դրանց պատմությունը, թե ինչից են պատրաստված»,- նշեց Սարօն:

Նրա խոսքով՝ ընդհանրապես ծաղկահավաքին լինում է մինչև 3 000 հոգի, սակայն կորոնավիրուսի պատճառով ընթացիկ տարում որոշել էին, որ միայն ՀԲԸՄ սկաուտական խումբը պետք է աներ: Սարօն շեշտեց, որ չնայած այդ ամենին, որոշ անհատներ մոտենում են և իրենց օգնությունն առաջարկում: